Բժիշկնե՞րն են մեղավոր 5 ամսեկան երեխայի մահվան համար

Երեկ Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական տվյալներով՝ թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան: Երեխայի հարազատները կարծում են, որ նա մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Նրանք նաև բողոք են ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ իրենց երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները. գրել է «Ժամանակը»:

Այս դեպքի կապակցությամբ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ Ա. Մխիթարյանից: Վերջինս նշել, է որ իրենց մոտ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ «Արդեն իսկ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը սպառիչ կերպով պատասխան կտա, թե որն է եղել մանկահասակ երեխայի մահվան պատճառը: Դրանից հետո արդեն պարզ կլինի՝ կա՞ բժշկական սխալ, թե՞ ոչ: Երբ եզրակացությունը ստանանք, պատկերն ավելի ամբողջական կլինի, առայժմ որևէ բան ասել չեմ կարող»,- ասել է նա։ Դիտարկմանը, թե առայժմ պարզապես մայրը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ իր երեխայի մահվան համար մեղավոր է բժիշկը, Ա. Մխիթարյանը պատասխանել է. «Սխալ կլինի ասել միայն մայրը, ոչ միայն մայրը, այլ նաև երեխայի հարազատները բողոք են ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ երեխայի մահվան պատճառների հանգամանքների հետ կապված, որից հետո մենք մեկնել ենք դեպքի վայր՝ տեղում ծանոթանալու դեպքին»:

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը «Ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով այս դեպքին, ասել է. «Դա ձեր իմացած թոքաբորբը չէ, բացարձակ դա գրիպի հետևանք չէ, որովհետև երեխան բացարձակ գրիպով չի հիվանդացել, իսկ մնացած մանրամասները պետք է ճշտվեն։ Թոքաբորբը տարբեր ծագումնաբանություն կարող է ունենալ»: Թերթը փորձել է կապ հաստատել նաև Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հետ, սակայն չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում