Ժիրոյի գործում կար Շեկոն

«Հրապարակ»-ը գրում է. «Ոստիկանության կոծկած պատմություններից հիշարժան է նաև Ախուրիկ գյուղի բնակիչ, «անունով տղա» Ժիրայր Հովհաննիսյանի սպանությունը: Մարտուն Գրիգորյանի «մոտիկները», որոնց թվում է եղել նրա հորեղբայրը՝ Սերոբ Գրիգորյանը, նաև ապրիլի 23-ին քավոր Հարութի տանը զոհված Շեկոն՝ Արտյոմ Կարապետյանը, Ժիրոյին կանչում են Հաղթանակի պողոտա, դատախազության «սադի» իրենց սրճարանը՝ «զրույցի»:

Գյումրիում պատմում են, որ Ժիրոն այնքան անվախ տղա է եղել, որ հանդիպման է եկել «տապըչկեքով»: Լուրերի համաձայն, այնտեղ եղել են նաև նրա երկու ազգականները: «Զրույցի» ընթացքում Ժիրոն կրակել է Սերոբ Գրիգորյանի վրա, որը մահացել է: Խփվել է նաև Ժիրայր Հովհաննիսյանը: Գյումրեցինեը վստահեցնում են, որ այս ողբերգությունը սկիզբ է դրել վենդետայի, որ Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամոն, երդվել է լուծել եղբոր վրեժը:

Այսօր դժվար է զատել այս պատմության սուտն ու ճիշտը, մանավանդ, որ իրավապահները փակեցին գործը, սպանությունները չբացահայտվեցին, իրավական մանրամասներ այս գործի վերաբերյալ չհրապարակվեցին: Բայց փաստ է, որ Ժիրոյի երկու ազգականները, ովքեր, լուրերի համաձայն, այդ ճակատագրական օրը նրա հետ էին, տարիներ անց մահացան: Մեկը՝ Արտուշ Հովսեփյանը, որը դեպքերից հետո բնակություն հաստատեց Մոսկվայում, ընկավ բարձրահարկի 10-րդ հարկից: Սա ձևակերպվեց որպես դժբախտ պատահար: Իսկ Գյումրիի մանկավարժականի ռեկտոր Հորիկ Հարությունյանի տղան՝ Փայլակը, որը նույնպես Ժիրոյի ազգականն էր, 2008 թվականին սպանվեց ԱՄՆ-ում, Լոս Անջելես քաղաքում: Նրան խփեցին մեքենայի մեջ: Ասում են, որ Փայլակի հայրը՝ ռեկտոր Հարությունյանը, մահացավ տղայի վշտից:

Փայլակի մայրը՝ Գյումրու 9-րդ դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանը, ցավով է տանում, երբ լրագրողները նրան հարցնում են որդու մահվան հանգամանքների մասին: «Այդ դեպքերը Գյումրիի հետ կապ չունեն: Իմ տղան մահացել է ԱՄՆ-ում, պատահական կռվի ժամանակ: Խնդրում եմ, մի կապեք նրա մահը Ժիրոյի հետ,- ասաց Անահիտ Մովսիսյանը,- Ժիրոն եղել է իր հորեղբայրը, բայց ինքը դրա հետ կապ չունի: Իսկ Արտյուշան իմ մեծ տղայի աներձագն է եղել: Նա Ժիրոյի սպանության տեղում չի եղել»:

Նա նաև ասաց, որ հանցագործներն «այդքան չարժեին», որ հասնեին Մոսկվա կամ ԱՄՆ. «Ուղղակի իրենց ձեռ է տվել տարածել այդ լուրերը, ուզում են ասել՝ վախեցեք մեզանից: Տեսեք, սրանց որ սենց ենք արել, բա ձեզ ինչ կանենք»: Դպրոցի տնօրենն ասաց, որ ԱՄՆ-ի ծանոթներից է իմացել, որ այնտեղ իր տղայի մարդասպանը պատժվել է՝ «երևի», սակայն ոչ մի ստույգ տեղեկություն այս մասին չուներ: «Իմ տղան կապ չուներ հանցագործների հետ: Իմը պատահականության զոհ էր, խնդրեմ, որ իմ երեխուն հանգիստ թողնեք»,- կրկնում էր կինը դառնացած՝ հիշեցնելով, որ իր տղան հիմա 34 տարեկան կլիներ: Չիմանալով, թե ոնց նրան հանգստացնեմ, ասացի. «Դուք պետք եք ուրիշ երեխաների»: «Հա, ուրիշներին պետք եկա»,- ասաց դառնացած»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում