Վլադիմիր Գասպարյան. Ես հասկանում էի, որ մի թեթև կայծ, և կրակը այլևս հանգցնել չէի կարողանա

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ Գյումրի այցելության ժամանակ ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ ապրիլի 9-ի դեպքերին, Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանների՝ Բաղրամյան պողոտայում գրանցված միջադեպին և այն խոսակցություններին, որ Ա. Մարտիրոսյանին ջանասիրաբար ծեծող կարմիր բերետավորը, ըստ տեղեկությունների, ցանկություն է ունեցել ակտիվություն դրսևորել այդ օրը, որպեսզի հետագայում ընդգրկվի Սերժ Սարգսյանի թիկնազորում:

Վ. Գասպարյանը սկզբում խոսեց այն մասին, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնացել Ծիծեռնակաբերդ աղոթելու:

«Մենք կանխեցինք տարիներ շարունակ սովորություն դառած երևույթը, որ ամեն ընտրություններից հետո պետք է չսպանել, այլ պահել ու պահպանել: Արյուն թափելը, վայրագությունը վերջացրինք: Պետք է աղոթելուց չամաչել, պետք է չաղոթելուց ամաչել: Հայաստանի պատմության մեջ դուք տեսե՞լ եք այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին: Էստեղ ուժն էր աղոթքի և հավատքի, որ չթողեց ժողովուրդը բորբոքվի: Եվ խոնարհությամբ խաղաղացրինք և արյուն չթափեցինք: Մի կայծ էր մնում: Ես հասկանում էի, որ մի թեթև կայծ, և կրակը այլևս հանգցնել չէի կարողանա: Ես ունեի ուղղակի ցուցում, բացի դրանից դա մեր ներքնաշխարհն է՝ չլինի ոչ մի զոհ, ոչ մի արյուն: Ես իմ վրա վերցրի պատասխանատվությունը և մտա կրակը, հետո կրակը վերցրինք ու գնացինք մեր մեռելների մոտ և ողջերով մեր մեռելների ներկայությամբ աղոթեցինք առ Աստված, որ Տերը մեզ իմաստություն տա: Եվ փառք Տիրոջը. իր ներգործությամբ կանխեց վտանգը»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե կպատժվի՞ արդյոք այն կարմիր բերետավոր ոստիկանը, ով մեծ ջանասիրությամբ ծեծում էր Ա. Մարտիրոսյանին, և ով, ըստ տեղեկությունների, կամենում էր այդ օրը ավելի աչքի ընկնել, որ ընդգրկվի Ս. Սարգսյանի թիկնազորում, Վ. Գասպարյանը ասաց.

«Դա մամուլի երևակայությունն է, և թողենք մամուլին: Մամուլը նրա համար է, որ կարողանա երևակայել, իսկ այսօրվա մամուլը պատրաստ է սենսացիոն բաներ անելու համար խայտաբղետ բաներ ներկայացնել: Ի՞նչ կապ ունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ինչ-որ մի աշխատակցի հետ: Դուք հասկանո՞ւմ եք՝ թիկնապահները այնտեղ գնում են ոչ թե պարեկային ծառայությունից, դա մասնագիտություն է, այնտեղ մասնագետներ են աշխատում: Այսինքն, ասում եք՝ այնպես է ուզեցել դրսևորել իրեն, որ գնա այնտե՞ղ, դրա համա՞ր ասեց Արմեն Մարտիրոսյանին՝ հարվածի իմ դեմքին, որ ես էլ քո դեմքի՞ն հարվածեմ, որ գնամ այնտեղ. չեմ տեսնում տրամաբանությունը: Այս գործը քանի որ կապված է ոստիկանության հետ, ոստիկանությունը չի զբաղվում դրանով: Զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ-ն կքննի, բոլորի գնահատականը կտա, տասնյակ կամերաներ են աշխատել, ոչ ոք ոչինչ չի կարող թաքցնել»:

Վ. Գասպարյանն ասաց նաև, որ իր հրահանգով է նոր տեսանյութ տարածվել, քանի որ, ըստ նրա, լրատվամիջոցները մոնտաժված նյութեր են հրապարակել: «Բոլոր կողմերն էլ օրենքի խստությամբ պատժվելու են, և ես ամեն ինչ անելու եմ դրա համար: Ե՛վ ոստիկանը պիտի պատժվի, և՛ Արմեն Մարտիրոսյանը իր գործունեության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում