Հայկ Պետրոսյան․ «Սասունցի Դավիթը մի քիչ դմբո էր, Փոքր Մհերն էլ վերջում խռովեց ժողովրդից»

Հայկ Պետրոսյան․ «Սասունցի Դավիթը մի քիչ դմբո էր, Փոքր Մհերն էլ վերջում խռովեց ժողովրդից»

Գիրք նվիրելու օրվան` փետրվարի 19-ին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը ներկայացրեց գրքի և ընթերցանության տարածմանը միտված նախագիծ՝ «Հայտնի ընթերցողները՝ գրքի խորհրդատու» խորագրով:

Մի քանի արտիստներ, հաղորդավարներ մեկ օրով դարձել էին գրքի խորհրդատու «Բուկինիստում»: Նրանց թվում էին Արման Նշանյանը, Լալա Մնացականյանը, Հայկ Պետրոսյանը:

Հայկին առանձնակի ջերմությամբ էին սպասում փոքրիկներն ու երիտասարդները: Նրանցից շատերը լուսանկարվում էին դերասանի հետ:

Փետրվարի 19-ին ամենապահանջվածների թվում էին հեքիաթները, հատկապես Հովհաննես Թումանյանի, «Սասնա ծռեր» էպոսը, գիտահանրամատչելի տարատեսակ գրականությունը: Հայկական էպոսն ընտրած մի երեխայից Հայկ Պետրոսյանը հետաքրքրվեց` արդյոք նայել է Սասունցի Դավիթ մուլտֆիլմը: Երեխան պատասխանեց, որ դիտել է, դրա համար էլ ուզում է կարդալ գիրքը: Հայկը խորհուրդ տվեց այլ ժողովուրդների էպոս էլ կարդալ, օրինակ «Գիլգամեշը»: Ինչ վերաբերվում է Սասունցի Դավթին, դերասանը կատակով հավելեց. «Դավիթը փոքր ժամանակ մի քիչ դմբո էր, բայց շատ ուժեղ էր, փոքր Մհերն ամենաուժեղն էր, բայց ինքը վերջում ժողովրդից նեղացավ ու գնաց փակվեց սարերում»: Նա նաեւ խորհուրդ տվեց անպայման «Փոքրիկ իշխանը» կարդալ. «Բայց գիտեք ինչպես պետք է կարդալ` մի հատ տասը տարեկանում, մի հատ տասնհինգ, մի հատ քսան: Ինքը փոքրերի համար է, բայց նաեւ մեծերի, կարելի է ութսուն տարեկանում էլ կարդալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում