Բամբասանքի մեղքը

Բամբասանքի մեղքը

Ո՞վ է հիմնականում մեղք գործում` բամբասո՞ղը, թե՞ նրան լսողը:

Մկրտության խորհրդի կատարման ժամանակ օծվում են մկրտվողի մարմնի ինը մասերը, որոնցից` ականջները և բերանը: Ականջներն օրհնվում են, որպեսզի լսեն աստվածային պատվիրանները, և մարդն իր կյանքում առաջնորդվի այդ պատվիրաններով: Շուրթերն օծվելիս ասվում է. «Քրիստոսի անունով այս կնիքը քեզ համար պահպանություն թող լինի բերանին և ամուր դուռ` քո շուրթերի համար»:

Սա նշանակում է, որ մկրտված և սուրբ մյուռոնով օծված քրիստոնյան զորություն է ստանում պահպանելու իր բերանը անսուրբ խոսքերից և իր շուրթերը փոխաբերական իմաստով դարձնելու ամուր դուռ` չար, մեղավոր բառերի, խոսքերի արտաբերում թույլ չտալու համար: Սուրբ Ներսես Շնորհալին իր աղոթքներից մեկում խնդրում է, որ Ամենախնամ Տերը երկյուղը դնի իբրև պահապան ականջներին` չախորժելու չար խոսքեր լսել և բերանին` սուտ չխոսելու համար:

Ուրեմն, թե՛ չար բան լսելու ցանկությունն է մեղք, թե՛ չար բան, սուտ խոսելը: Հետևաբար, թե՛ բամբասողն է մեղք գործում, ինչպես որ բամբասանքը հիշված է Սուրբ Գրքում որպես մեղք, և թե՛ այն անձը, ով հոժարությամբ լսելով` մասնակից է լինում բամբասանքի մեղքի կատարմանը:

Որևէ մեկի վատ արարքը պատմելը բամբասա՞նք է, մատնությո՞ւն, թե՞ պարզապես զրույց:

Երբ խոսում ենք բամբասանքի դեմ, չի նշանակում, որ ընդհանրապես մերժելի ենք համարում վատ արարքների մասին հայտնելը կամ չարագործությունները պախարակելը, դատապարտելը: Հաղորդումները կամ հաղորդագրությունները հանցագործությունների բացահայտման, հանցագործների, նրանց տրված պատժի վերաբերյալ ամենևին էլ մերժելի չեն:

Մենք կարող ենք խոսել վատ արարքների մասին և դատապարտել դրանք, բայց այդպիսի վարմունքը չպետք է վերածենք երեսպաշտության կամ քծնանքի այն առումով, որ համարձակ կարող ենք խոսել մարդու բացակայության դեպքում, բայց նրա ներկայության պարագայում քաջություն չենք ունենա նույնն ասելու: Օրինակ` Քրիստոս խոսեց փարիսեցիների վատ վարմունքների մասին նրանց բացակայության դեպքում, երբ աշակերտներին խրատելով` ասում էր. «Բայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 5.20):

Բայց Քրիստոս նույն համարձակությամբ Իր մեղադրանքները ներկայացնում էր նաև հենց փարիսեցիներին ուղղակիորեն դեմելով, ինչպես վկայում է Մատթեոսի Ավետարանի 23-րդ գլուխը, որի պարբերությունները սկսում են «Վա՜յ ձեզ կեղծավորներիդ» մեղադրական արտահայտություններով: Սա ցույց է տալիս, որ երբ արարքի դատապարտումը կատարվում է արդարորեն, կամ մեկի մասին տեղեկություն ենք հաղորդում, խոսում արդարորեն`առաջնորդված առաջին հերթին ոչ թե մեր սեփական հակակրանքի զգացումով, այլ արդարության սկզբունքով և դա կարող ենք ասել նաև նրա ներկայությամբ, դա արդեն ոչ թե բամբասանք է, այլ իրապես վատ արարքների դատապարտում:

Հաճախ բամբասողների մեծ մասը վատաբանում է իր հարազատներից որևէ մեկին և ոչ թե օտարին կամ թշնամուն, ինչո՞ւ:

Մարդկանց մեջ լինում է, որ բացակայում է մարդու մասին քրիստոնեական ընկալումը, գիտակցությունը` աստվածաստեղծ մարդուն արարչագործության պսակ համարելու և որպես բացառիկ էակ ընկալելու, սիրելու ու նվիրվելու, բարություն ու բարեգործություն անելու:

Այսպիսի ոգու և գիտակցական ընկալման բացակայությունն առաջացնում է չարություն, նախանձ, հակակրանք, և մարդիկ չարախնդությամբ են խոսում անգամ իրենց հարազատների կամ բարեկամների թերությունների կամ անհաջողությունների մասին, քննարկում այս կամ այն խոսքը, որակումներ անում մարդու հասցեին:

Բամբասանքները հաճախ վերաբերում են հարազատներին կամ բարեկամներին, որովհետև մարդու շփումն առաջին հերթին այդ շրջանակում է, և եթե մարդու մեջ կա նախանձ ու քեն, հակակրանք ու սեփական անձը ուրիշից ավելի վեր դասելու, ավելի լավը համարելու սովորություն կամ այլ կերպ ասած` խոնարհությանը հակառակվող հպարտություն, գոռոզություն, ուրեմն, այս պարագայում հեշտությամբ է ծնվում բամբասանքը:

Քրիստոս պատվիրեց անգամ թշնամիներին սիրել, անիծողներին օրհնել, ատողներին բարություն անել, չարչարողների և հալածողների համար աղոթել, (Մատթ. 5.43-44), չարին բարիով հաղթել (Հռ. 12.21), ինչպես որ կրակն են հանգցնում ջրով:

Եվ եթե անգամ հարազատը կամ բարեկամը ոչ ճիշտ վարմունք է ունենում, սխալ արտահայտություններ անում, քրիստոնեական վարվեցողությունը պահանջում է ոչ թե շտապել մեկ ուրիշի մոտ և վատաբանել նրան, այլ աղոթել սխալ գործած մարդու համար, սեփական բարության ու հեզության շնորհիվ փոխել դիմացինի անընդունելի վերաբերմունքը, խնդրել Աստծուն, որ օրհնի այդ մարդուն և օգնի իր կյանքում քայլելու ճիշտ ճանապարհներով:

Սկազբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում