Վաղը կնշվի Սուրբ խաչի երեւման տոնը
Նմանատիպ
Այս տարի ապրիլի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ խաչի երևման տոնը: Ինչպես տեղեկացնում է qahana.am կայքը, այս տոնը Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին, ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Խաչի տոնը տոնում է Զատիկից 28 օր հետո: Սբ. Հարության տոնի շարժականության պատճառով Սբ. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը:
Խաչի մասին, ըստ Ս. Գրիգոր Տաթևացու.
ԽԱՉԸ, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Փրկիչը բևեռվելով՝ նրան միացավ:
ԽԱՉԸ երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը:
ԽԱՉԸ նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը:
ԽԱՉԸ առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը:
ԽԱՉԸ մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը:
ԽԱՉԸ թագավորների թագն է և իշխանների իշխանությունը:
ԽԱՉԸ կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը:
ԽԱՉԸ այրիների շնորհն է և կանանց բարեզարդությունը:
ԽԱՉԸ ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավա-զանը:
ԽԱՉԸ կենաց ծառն է և անմահության պտուղը:
ԽԱՉԸ անմեղների խրատն է և մեղավորիների քավիչը:
ԽԱՉԸ մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը:
ԽԱՉԸ նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը:
ԽԱՉԸ երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը:
ԽԱՉԸ սանդարամետականների սարսափն է և երկրայինների սաստողը:
ԽԱՉԸ Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը:
ԽԱՉԸ հոգևոր զենք է և չբթացող սուր:
ԽԱՉԸ դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը:
ԽԱՉԸ գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը:
ԽԱՉԸ դրախտի դռները բացողն է և արքայությունը որպես ժառանգություն տվողը:
ԽԱՉԸ Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը:
ԽԱՉԸ անհավատների կուրությունն է և հավատացյալների զորությունը, որը և երկրպագուներին պայծառեցնելով՝ կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծո աջ կողմում: