Հալածված Այլիսլին հեռացել է Ադրբեջանից
Նմանատիպ
Ադրբեջանի տարածքում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին հեռացել է Ադրբեջանից: Նշվում է, որ արդեն քանի օր է’ Այլիսլին չի պատասխանում հեռախոսազանգերին: Նրա որդին ասել է, որ հայրը բացակայում է երկրից’ չնշելով, թե կոնկրետ որ երկրում է նա: Ադրբեջանական ԶԼՄ-ները ենթադրում են, որ Աքրամ Այլիսլին մեկնել է արտասահման’ քաղաքական ապաստան որոնելու համար:
Վեպի հրապարակումից երկու ամիս անց Ադրբեջանի իշխանություններն Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիսթերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունն Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ քաշված նրա լուսանկարները, եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Աքրամ Այլիլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից, նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը:
ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում