Երևանի ավագանու ընտրողներից 3375-ը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք են

Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն՝ ընտրացուցակներում  «բավական մեծ թվով ռուսներ ու պարսիկներ կան և ի հայտ են բերվել ընտրացուցակների ամենաակնառու խախտումները»:

ՀՀ ոստիկանությունն խախտումների մասին հայտնում է, որ հերթական անգամ օրենքի չիմացության պատճառով փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը:

«Ոստիկանությունը բազմիցս հայտարարություն է տարածել, որ ի տարբերություն համապետական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բացի ընտրելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեն առնվազն վեց ամսվա հաշվառում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքի ավագանու ընտրողների թիվը մարտի 25-ի դրությամբ կազմում է 817814, որից 3375-ը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում