Քաղաքականացված հասարակության մասին

Քաղաքականացված հասարակության մասին

«Երանի է նրանց, որ լսում են Աստծո խոսքը և կպահեն» (Ղուկ. 11.28):

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, երանություն է խոստանում Աստծո կամքի համաձայն ընթացողներին: Ըստ աստվածային պատվիրանների ապրելու հորդորը մարդուն չի զրկում անձնիշխանությունից, այլ խրատում է սեփական կամքով Աստծո կամքին հնազանդվել, քանզի միայն անձնական տրամաբանությամբ քայլեր ձեռնարկելը կարող է կործանարար հետևանքների հանգեցնել: Մարդկային վեհ ցանկություններն իրականություն են դառնում միայն ամենագետ և ամենակարող «Աստծո խոսքը լսելու և պահելու» դեպքում: Եվ Աստծո խոսքին, աստվածային կամքին մարդու հնազանդությունը ոչ թե անհատին զրկում է կամային անկախությունից, այլ աստվածայինի հետ ներդաշնակությամբ բերում է այն բարիքների, որ օգտակար և անհրաժեշտ են մարդուն:

Պատմության ընթացքում որքան փոխվել են հասարակարգերն ու հասարակությունները, այնքան փոխվել են մարդկանց ընկալումն ու վերաբերմունքը Աստծո խոսքի հանդեպ: Ներկա հասարակության դիտարկումով կարելի է ասել, որ այդ փոփոխությունները դեպի լավը չեն ընթացել: Անգամ քրիստոնյա համարվող պետություններն իրենց կենցաղավարության ու քաղաքականության մեջ իրագործում են ոչ թե այն, ինչ Սուրբ Գիրքն է ասում, այլ վարվում են՝ նկատի ունենալով իշխողների սեփական տրամաբանությունը, քաղաքական ու տնտեսական շահը, տարբեր երկրների դիրքորոշումները, միջազգային համաձայնագրերն ու պայմանագրերը:

Այսպես նաև անձնական և ընտանեկան կյանքում հաճախ մարդն անում է ոչ թե այն, ինչ Աստվածաշունչն է ասում, այլ այն, ինչ հուշում է սեփական տրամաբանությունը, հարևանների և հասարակության մեջ տարածված կարծիքը: Մինչ Սուրբ Գիրքը պատվիրում է գործելակերպի հիմք ընդունել Աստծո խոսքը, ներկա կապիտալիստական, այսինքն՝ կապիտալի, դրամի և ունեցվածքի կուտակման գերնպատակ ունեցող հասարակարգը հրահանգում է վարվել բացառապես նյութական-շահադիտական միտումներով:

Այդ է պատճառը, որ այսօր շատ կառավարություններ ունեն ավելի շատ տնտեսության ստրուկներ, քան մարդկությանը ծառայողներ: Եկեղեցու կողմից հասարակության քրիստոնեացումը խթանելու ջանքերն այսօր աշխարհում արդեն մեկնաբանվում են նաև որպես թեոկրատիայի նկրտումներ, որտեղ Եկեղեցին ձգտում է տիրապետել քաղաքական լծակների՝ նյութական շահերի ակնկալիքով, մի բան, որ բոլորովին խորթ է Քրիստոսի Եկեղեցու բնույթին և էությանը:

Հասարակության եկեղեցիացումը, որն այդ հասարակության անդամներին առ Աստված հավատքի ներքո համախմբելով ապահովում է աստվածային կամքի համաձայն մարդու ընթացքը և երկնային օրհնություններով բարի ու ազնիվ ձեռքբերումները, այսօր փոխարինվում է հասարակության քաղաքականացմամբ: Աշխարհում քաղաքական անցուդարձերը մեծ փոփոխություններ են առաջ բերում, ամենուր լուրեր են ավելի շատ քաղաքականության, քան այլ երևույթների մասին, թերթերը, հեռուստացույցը փողհարում են քաղաքական հաջողությունների կամ ձախողումների մասին: Մարդու միտքն ու դատողությունները քաղաքականացվում են:

Անգամ մեր խնջույքներում, հավաքույթներում կենաց-բարեմաղթանքներին անմիջապես հաջորդում են քաղաքական խոսակցությունները, և քչերը կգտնվեն, որ կփորձեն այդ ընթացքում վեր հանել Տիրոջ խոսքը: Թվում է, թե աշխարհի այս քաղաքականացված ճահճի մեջ հանգչում է Ավետարանի լույսը, լռում քարոզչի ձայնը, ընդդարմանում հավատացյալի սիրտը, զորանում անտարբերությունը, քանզի քաղաքականությամբ ծանրաբեռնված իրականության մեջ հավասարակշռվածությամբ չի գործում «կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» Քրիստոսի ավանդած սկզբունքը (Մատթ. 22.21, Մարկ. 12.17, Ղուկ. 20.25): Այս պայմաններում առավել կարևորվում է հասարակության մեջ Աստվածաշնչի, Աստծո խոսքի տարածումը, որպեսզի այն շարունակի մնալ մարդու և աշխարհի ընթացքի փարոսը, ուղղորդող և առաջնորդող օրհնաբեր ուժը՝ արժանացնելու այն երանության, որ խոստանում է Քրիստոս Աստծո խոսքը լսողներին և պահողներին:

Քրիստոս երանի տվեց սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5.8): Պողոս առաքյալը ևս ասում է, որ Աստված «լուսավոր պիտի դարձնի ձեր սրտի աչքերը» (Եփ. 1.18): Նաև ապաշխարության շարականում է ասվում. «Զիմանալի աչս սրտից մերոց բացցես ողորմութեամբ հայիլ ի լոյս Քո, Քրիստոս» (թարգմանությունը` ողորմությամբ բացիր մեր սրտի իմանալի աչքերը` նայելու Քո լույսին, Քրիստոս): Սիրտը հավատքի, զգայության կենտրոնական տեղն է, սրտով ենք հավատում (Հռ. 10.10): Չեմ կարծում, որ Քրիստոս Իր խոսքով նկատի ունի, թե ով մաքրում է իր սիրտը մեղսալի կրքերից ու ցանկություններից, անմիջապես կվայելի աստվածտեսությունը: Այլ մեզ ուսուցանում է, որ երբ մարդը մաքրում է հավատքի իր զգայարանը և իր կյանքում առաջնային համարում տերունական կամքը, կտեսնի աստվածային բնության պատկերը իր իսկ սեփական հոգևոր գեղեցկության մեջ այն լույսի ներքո, որ մարդկային ներաշխարհում սփռում է Աստծո խոսքը:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում