Միամիտ աղվեսը

Միամիտ աղվեսը

Զանգը խփեց կաչաղակը,
Առավոտվա ժամը ութն է,
Բացատի մեջ աղաղակ է
Եվ աղմուկ է, ի՜նչ աղմուկ է։

Գազաններն են գալիս դպրոց,
Եվ գալիս են թռչունները,
Բարձրացել է հարայհրոց,
Շտապում են կապիկները։

Դասն է այսօր խաբեության
Եվ խորամանկ արարքների,
Գայլ դասատուն երեկ ասաց,
Որ ոչ ոքի նա չի ների,
Ով որ դասը չպատրաստած
Դասարանի դուռը բացի՝
Նա կստանա երեք ապտակ
Եվ մի «երկուս», և մի քացի։

Գայլ դասատուն նայում է խիստ
Դասարանի կուռ շարքերին
Եվ հարցեր է տալիս հանգիստ
Երկտարեցի առյուծներին։

Եվ ժպտում է նա գոհունակ
Առյուծների պատասխանից,
Ապա հարցեր տալիս դժվար
Կապիկներին գերազանցիկ։

Խունջիկ-մունջիկ վայրի կատուն
Խաբեության մասին այնպե
Խելոք խոսեց և իմաստուն,
Որ ծափ տվին արջ ու աղվես։

– Այ մեր աղվես ծափահարող,
Ապա խոսիր դու քո փորձից․
Ում հարցնեմ՝ նա չի կարող
Պատասխանել լավ քեզանից։
– Չեմ սովորել դասը այսօր, –
Աղվեսն ասաց քթի տակից։

Թռչունները կչկչացին,
Կապիկները քահ-քահ արին,
նապաստակը ետ շրջվեց,
Աչքով արեց լուռ ճագարին։

Եվ օրագիրը աղվեսի
Վերցրեց գայլը, բացեց դանդաղ,
Նշանակեց մի մեծ «երկուս»,
Ապա ելավ, պիջակն հանեց։
Եվ աղվեսին, ասածի պես,
Տվեց ապտակ, նաև քացի։

– Այ քեզ աղվես, հիմար ու խեղճ, –
Ծիծաղում են փասիան ու ծիտ,
Դոփդոփում է կատուն անխիղճ
Կոշիկներով երկարաճիտ։

Լուրն այս գնաց ու տարածվեց
Անտառով մեկ, լեռներով մեկ,
Հասավ գյուղեր ու ագարակ,
Ու քաղաքներ հասավ մեծ-մեծ։

Մի օր էլ մի փոքրիկ աքլոր
Ասաց՝ պիտի ինքս տեսնեմ՝
Կա՞ այդպիսի մի սևավոր։

Գնաց հասավ անտառամեջ,
Ում հարցրեց՝ ճամփան ասին,
Գնաց գտավ խեղճ աղվեսին։
– Բարի օր քեզ,
Աղա աղվես։
– Է, բարի օր,
Փոքրիկ աքլոր։
– Աղա աղվես,
Եկել եմ, որ
Ինքս տեսնեմ
Օրագիրն այն
Եվ «երկուսը»,
Որի մասին
Լսել եմ ես։
– Թե որ այդքան շատ ես ուզում,
Ահա, նայիր, այն թփի տակ
Կա պայուսակ
Եվ նրա մեջ՝ մի օրագիր․
Թերթերը բաց
Եվ ուզածդ այնտեղ գտիր։

Աքլորն իսկույն թռավ այնտեղ,
Իսկ ետևից քմծիծաղով
Ցատկեց աղվեսն ու․․․
Փետուրները աքաղաղի
Փախչում էին մերթ վեր, մերթ վար,
Իսկ բերանը աղվեսիկի
Դարձել էր մի գունանկար։
Լուրն այս առան արջ ու հովազ
Եվ վազեվազ տարածեցին։
Լուրն այս առան գայլ ու վարազ
Եվ վազեվազ տարածեցին։
Իսկ սոխակը՝ երգիչ գուսան,
Ծառի ճյուղին գտած մուսան,
Հորինեց այ այսպիսի երգ․
– Մի հավատացեք փոքրիկ աղվեսին,
Նրա ստացած ծեծ ու «երկուսին»․․․
Թե չեք հավատում, նայեք թփի տակ՝
Օրագրի մոտ նրա թանաքոտ
Հազար ճագար ու հազար նապաստակ
Թողել են իրենց մորթին արյունոտ։
Մի հավատացեք խարդախ աղվեսին,
Նրա ստացած ծեծ ու «երկուսին»։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում