Հարավկորեական Փհենչհանում կայացավ Օլիմպիական խաղերի բիաթլոնի կանանց փոխանցավազքը: Անսպասելիորեն չեմպիոն դարձավ Բելառուսի հավաքականը:
Մեկնարկային երեք փուլերից հետո բելառուսները լավագույնների թվում էին, ապա ասպարեզ դուրս եկավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնուհի Դարյա Դոմրաչևան: 31-ամյա մարզուհին առաջին կրակահերթում անվրեպ լինելու շնորհիվ առաջին տեղ դուրս եկավ, իսկ երկրորդում, կանգնած դիրքից 3 վրիպում թույլ տվեց, սակայն պահեստային փամփուշտները հաջող օգտագործեց: Կրակահերթից դուրս գալուց հետո Դարյան 8 վայրկյանի առավելություն ուներ մոտակա մրցակցից, որը հետագայում ավելի մեծացրեց:
Այսպիսով, Դոմրաչևան դարձավ բիաթլոնի պատմության միակ քառակի օլիմպիական չեմպիոնուհին: Բելառուսն առաջին անգամ ոսկե մեդալ նվաճեց:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Շվեդիայի ընտրանին, որը նույնպես ֆավորիտների շարքում չէր: Օլիմպիադայի բացահայտում դարձած Հանա Օեբերգը վերջին կիլոմետրում շրջանցեց ֆրանսուհի Անաի Բեսկոնին ու սկանդինավներին արծաթե մեդալ բերեց: Ֆրանսիան բավարարվեց երրորդ տեղով:
Գլխավոր ֆավորիտը համարվող Գերմանիայի հավաքականի չորրորդ փուլում հաջող հանդես եկավ Լաուրա Դալմայերը, սակայն նրա թիմակիցները մինչև այդ երեք անգամ տուգանային շրջան էին կատարել: Լաուրան կարողացավ թիմին բարձրացնել մինչև 8-րդ տեղը: