Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով

Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով

Արտավազդ Փելեշյանին վաղուց համարում են համաշխարահային կինոյի դասական, տարածական մոնտաժի նրա տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում:

Նրա առաջին ֆիլմը «Սկիզբ»-ն էր, հետո հաջորդեցին «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները»…

«Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով»,-մի առիթով ասել է նա:

Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են , ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։ Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է։ Մշակույթի նախարարությունից հիշեցնում են, որ 2017-ին Հայաստանում պետպատվերով լույս է տեսել Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը:

«Նրա ինչպես ֆիլմերը, այնպես էլ գրքերը ժամանակագրությունն են ոչ միայն իր արվեստի, այլև մեր ժողովրդի ապրած կյանքի»,-ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է Վարպետի հետ շուտով պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Նախարարությունը պատրաստ է նաև աջակցել՝ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը նկարահանելու գործում։

Փետրվարի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Հանդես կգան Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները, երգչախումբը և բալետային արտիստները:

Հոբելյանական երեկոյի դիրիժորն է լինելու ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Համերգային երեկոյին մեծանուն կինոռեժիսորին իրենց ելույթներով կշնորհավորի նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ ժող. արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Մուտքը հրավիրատոմսերով է։

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում