«Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ

«Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ

Գարնան առաջին օրը` մարտի 1-ին, ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Ներկայացման դիրիժորն է Կարեն Լավչյանը: Գլխավոր դերերում հանդես կգան Հասմիկ Թորոսյանը (Անուշ), ՀՀ վաստակավոր արտիստներ Սարգիս Աղամալյանը (Սարո) և Գևորգ Հակոբյանը (Մոսի): Բեմադրությունը` ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի: Հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայկական օպերային արվեստի զարդը` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, արդեն 106 տարի է, բեմում է:

Հեռավոր 1912-ին Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական տանն առաջին անգամ բեմադրվեց Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի գրական հենքի վրա ստեղծված համանուն օպերան, որի կոմպոզիտորն էր քաղաքում հայտնի երաժիշտ Արմեն Տիգրանյանը: «Անուշ» օպերայի ստեղծման մասին նա ասել է.

«Պետք է գրել օպերա, այդ միտքն է ծնունդ առել ուղեղումս, դա կարևոր է, այդ էի որոնում: Պետք է ամբողջովին նվիրվել արվեստին… Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին հասկանալի ու սիրվի նրա կողմից»:

1935 թվականին Տիգրանյանի «Անուշը» առաջին անգամ ներկայացվեց Երևանի օպերայի եւ բալետի թատրոնում և մինչ օրս Թատրոնի մշտական խաղացանկում է:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում