Ամպիկը

Ամպիկը

Մի փոքրիկ ամպի 
Ոտքերն են կապել,
Նրա գեղեցիկ
Թևերն են պոկել։

Բերել-թողել են
Մի վանդակի մեջ,
Որ դեղձանիկից
Սովորի երգել։

Բայց փոքրիկ ամպի
Աչքերն են ամպել,
Ամպը վանդակում
Չի կարող ապրել։

Նրա աչքերից
Անձրև է գալիս,
Նա վիրավորված
Լալիս է, լալիս։

Եվ դեղձանիկն է
Նայում զարմացած․
Ամպիկն է փախչում՝
Կաթիլներ դարձած։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում