«Այո՛, «Բարեւ Երեւանից» օրինակ ենք վերցնում, ինչո՞ւ ես քմծիծաղում». միջադեպ ՀՅԴ-ի երթի ընթացքում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՀՅԴ-ն այսօր մեկնարկեց իր երթը, որը մասնակիցների խոսքով քարոզչական բնույթ է կրում:

Երթի ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԳՄ փոխներկայացուցիչ, ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը անցորդներին հորդորում էր անպայման ընտրել իրենց եւ չխաբել: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Նա իր հորդորը փոխանցում էր նաեւ խանութների աշխատակիցներին եւ սրճարաններում նստած քաղաքացիներին՝ վստահեցնելով, եթե ՀՅԴ-ին ձեր ձայնը տաք՝ դեպի լավը կգնաք:

Քայլերթի ընթացքում պարոն Վարդանյանը նկատեց «Բարեւ Երեւան» դաշինքի մեքենան եւ բարեւեց վարորդին ու դաշինքի համակիրներին: Հետո մոտեցավ Դաշնակցության համակիրներին ու լսելով նրանցից մեկի դժգոհությունը, թե ինչու են քայլերթի մասնակիցներն այդքան քիչ, պատասխանեց. «Հո մենք շատվորով չէի՞նք գնում քայլարշավ, միտինգ հո չէի՞նք անում:Սրա նպատակը քայլել, մարդկանց բարեւելն է»:

Դաշնակցական դժգոհ համակիրն էլ հեգնեց, թե «Բարեւ Երեւան» դաշինքից օրինակ ենք վերցնում, հա՞» ասաց ու շարունակեց ճանապարհը:

Պարոն Վարդանյանն էլ հակադարձեց. «Այո՛, «Բարեւ Երեւանից» օրինակ ենք վերցնում, ինչո՞ւ ես քմծիծաղում»:

Մյուս համակիրներից մեկն էլ ասաց՝ «Այո, ինչը լավ է, պետք է վերցնենք»:

Դժգոհ համակիրը կրկին հակառակվեց. «Համաձայն չեմ, էդպես չպետք է անեիք»:

Պարոն Վարդանյանն էլ հավելեց՝ «Համաձայն չես, քո իրավունքն է»:

Դժգոհ կնոջ ուղեկիցն էլ՝ մի տղամարդ, որը քայլերթի մասնակիցներից էր, պարոն Վարդանյանի հետեւից հեգնեց. «Էս էլ պիտի ընտրվի ավագանի՞»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում