Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա

Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա

Ես լսում եմ նրան ու այնքան կարևոր է դառնում բանը։ Հասկանում եմ, որ պետք է ազատվել խառը մտքերից ու սպասել վաղվան։ Բայց ինչ-որ սկսել ենք ամեն օր վաղվան սպասել։

Ուշանում ենք, թվում է, բայց հետ ենք մնում… Այնքան կարևոր բան է պետք լինելը: Ես ձեր պետքը չեմ, չեմ զգում, որ պետք եմ… երբ ես զգամ, որ ես ձեզ պետք եմ, կկանգնեմ ձեր առաջ, կնայեմ ձեր աչքերին կամ կքայլեմ ձեզ հետ…

Հիմա գնում եմ, որ ձեզ չխանգարեմ ու կգամ այն պահին, երբ ես զգամ, որ պակասել է մորթե մոխրագույն հսկան: Կգամ, երբ պետք լինեմ ու այդպես էլ չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա: Հսկա եք, բայց այդպես էլ հսկա չծնեցիք ու անպետքի հետևից վազողներ մնացինք, ովքեր չհասկացան, որ պետք են… Կինը կամացուկ շշնջաց. արի~։ Ես գնացի նրա ետևից ու մնացի մենակ։ Չէ, կնոջ ուզածը մեծ հաշվով մեծ բան չէր։ Ես էի մեղավոր, որովհետև ես ինձ պետք չէի, էլ ուր մնաց՝ նրան։ Քաղաքը ինձ անծանոթ էր։ Անծանոթ քաղաքի փողոցներում մարդիկ ինձ ժպտում էին՝ պետք եմ։ Հասկացա, որ ես էլ նրանց պետք է ժպտամ, որովհետև ժպիտը շատ բան է ասում մարդուն, երբ սպասում է, անգամ մարդու տրամադրությունն է ժպիտից կախված…

Օրը չավարտված սպասում էի Ազատության փողոց հասնող ավտոբուսին։ Ավտոբուսը ուշանում էր։ Եկավ։ Այնքան շատ մարդ կար ներսում։ Ուրախ, դալուկ, անկենդան, կենդան… բոլորը շտապում էին, բոլորը պետք էին մեկին։ Ավտոբուսը կանգնեց։ Երկու հոգի մարդ իջավ Ազատության փողոց։ Մյուսները մնացին նստած։ Բայց սա վերջին կանգառն էր։ Մարդիկ մնացին նստած… գնացի ինքնամոռաց։ Գնացի, որ մարդկանց չխանգարեմ։

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում