Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսինեի տաճարները

Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսինեի տաճարները

2006 թվականից մեկնարկած Ստեփանակերտի Աստվածամոր սբ. Հովանի տաճարի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: 12 տարի տևող շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը, իսկ եկեղեցու օծումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին: Այժմ շինաշխատանքները շարունակվում են եկեղեցու գմբեթի և զանգակատան տանիքի կառուցման վրա: Եկեղեցին ունենալու է 35 մետր բարձրություն:

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ասաց, որ եկեղեցու կառուցման համար բացի խոշոր նվիրատուներից, իր մասնակցությունն է ունենում նաև ժողովուրդը. «Նվիրատվություն են կատարում խոշոր բարերարներից մինչև թոշակառու տատիկներ, արցախցիներ և ոչ արցախցիներ. մի տեսակ համաժողովրդական է»:

Նրա խոսքով եկեղեցին իր ճարտարապետական ոճով հիշեցնում է Զվարթնոցի տաճարը, մի քիչ էլ Հռիփսիմե եկեղեցին` կարծես թե լինելով երկուսի ձուլումը:

Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ Ստեփանակերտը ունեցել է ավելի վաղ ժամանակներում կառուցված եկեղեցի. «Ներկայիս դրամատիկական թատրոնի մուտքի մասում նախկինում եղել է Սբ. Գևորգ եկեղեցին, որին կից եղել է նաև երկդասյա հոգևոր դպրոց: Սակայն 1936 թվականին քանդվել է և կառուցվել ներկայիս թատրոնի շենքը»:

Վերջում նորից անդրադառնալով եկեղեցու կառուցմանը` նա նաև պատմեց մի դեպք, որում ըստ իրեն Աստծո նախախնամություն կա: «Ինչն է հետաքրքիր, երբ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ եկել էինք եկեղեցու կառուցման վայրը որոշելու, այդ պահին տարածքում երկու տարեց մարդիկ կային` շուրջ 90 տարեկան: Հետաքրքվեցին, թե ինչ ենք անում: Ստանալով մեր պատասխանը` նրանցից մեկը մի պահ խորհեց ու ասաց, որ իր տատիկը պատմում էր` այդտեղ փոքրիկ բազիլիկ Աստվածածին եկեղեցի է եղել (այժմ եկեղեցու հյուսիս արևմտյան մասում): Իսկ մենք այդ մասին չգիտեինք: Աստծո նախախնամությամբ ընտրեցինք նույն տեղը և նորից Աստվածածին ենք կառուցում»,- պատմեց Արցախի թեմի առաջնորդը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում