«Արցախբանկից» հափշտակվել է շուրջ 146.860.000 ՀՀ դրամ

«Արցախբանկ» ՓԲԸ-ից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 146.860.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով «Արցախբանկ» ՓԲԸ-ին ընդհանուրը 144.081.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Այդ մասին տեղեկացնում է Aysor.am գործակալությունը:

«Արցախբանկ» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ Լևոն Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Արցախբանկ» ՓԲԸ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ 132 անձանց անվամբ իբրև 583, 750, 900 և 958 հարգի ոսկյա զարդեր գնահատել և գրավադրել է ընդհանուրը 2.779.000 ՀՀ դրամ արժողությամբ 375 հարգից ցածր հարգի ոչ թանկարժեք մետաղների համաձուլվածքից և արծաթից պատրաստված զարդեր:

Լ. Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Առանձնապես խոշոր չափերի խարդախություն), և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործը կքննվի Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում’ դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում