Ռաֆիկ Գրիգորյան. Կրթական հաստատություններում արգելված է քարոզարշավ իրականացնելը

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով փաստին, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերսկսված մարզային այցելությունների շրջանակում Գավառի իշխանությունները հրաժարվել էին նրան դահլիճ տրամադրել,ասաց, որ կրթական հաստատությունների դահլիճների տրամադրման կարգը քարոզարշավի նախաշեմին այլ է, հիմա՝ այլ, իսկ համայնքին պատկանող այլ սրահների համար ավագանու որոշմամբ նախատեսված գին կա:

«Իրենք ուզել են առաջինը Երաժշտական ուսումնարանի դահլիճը և Մարտունու 3-րդ դպրոցի դահլիճը, ըստ օրենքի՝ արգելված է կրթական հաստատություններում քարոզարշավ իրականացնելը, և Գավառի քաղաքապետը հստակ պատասխանել է իրենց՝ շեշտելով օրենքի կետը: Իրենք նորից են գրել, նորից են խնդրել այլ դահլիճ, որի հնարավորությունը չի ունեցել քաղաքապետը»,- ասաց նա:

Մարզպետի խոսքով՝ բացի այդ, Մարտունու և Գավառի քաղաքապետերը նրանց տեղեկացրել են, որ ունեն մշակույթի տուն, որի համար ավագանու որոշմամբ իրենք հաստատում են սակագին:

«Խնդրեմ, համեցե՛ք, օրենքով սահմանված կարգով պայմանագիրը կնքեք, օրինակելի պայմանագրերի ձևերը կան, կնքեք, վճարեք, և ձեր ցանկացած միջոցառումն անցկացրեք»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ առաջարկը «Ժառանգության» ներկայացուցիչներին կա՛մ դուր չի եկել, կա՛մ էլ հրաժարվել են դրանից:

«Խնդրեմ, մտե՛ք Մարտունու և Գավառի քաղաքապետարաններ, ծանոթացե՛ք մերժման տեքստին և կտեսնեք, որ իմ ասածը համապատասխանում է իրականությանը:Մարդիկ գոռում են, որ իրենք գործում են օրենքի շրջանակներում, բայց իրենց պահանջը՝ սկսած նրանից, որ պարտադիր հրաժարական տան մարզպետները, պարտադիր հրաժարական տան համայնքի ղեկավարները՝ չգիտակցելով, որ համայնքի ղեկավարներին նույն այն ժողովուրդն է ընտրել, օրինական չեն»,- ասաց մարզպետը՝ կարծիք հայտնելով, որ այսօր անօրինական պահանջ դնելը կոռեկտ չէ:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումը Գավառում անցկացվել է կենցաղի տանը, և, ինչպես Tert.am-ին հայտնեց «Ժառանգության» Գավառի գրասենյակի պատասխանատու Մամիկոն Սայադյանը, սրահի համար վճարել են: Վերջինիս խոսքով՝ մինչ այդ իրենք քաղաքապետարանից մերժում ստացել են, քանի որ Երաժշտական ուսումնարանի դահլիճում միջոցառում կար:

Րաֆֆի Հովհաննիսյանը Գավառ էր այցելել ապրիլի 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում