ԱԳ փոխնախարար Մանասարյանը մասնակցեց Ժողովրդավարությունների համայնք 7-րդ նախարարական համաժողովին

Ապրիլի 27-ին Ուլան Բատորում իր աշխատանքն սկսեց Ժողովրդավարությունների hամայնք 7-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:

Համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցեցին ավելի քան 300 պատվիրակ շուրջ 100 երկրներից: Լիագումար նիստի բացումը կատարեց Մոնղոլիայի վարչապետ Նորովին Ալթանհույագը, ելույթ ունեցավ նաեւ Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Լեյսները: Այնուհետեւ աշխատանքները շարունակվեցին առանձին պանելներում:

ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցեց խորհրդարաններին ու քաղաքացիական հասարակությանը նվիրված պանելների աշխատանքներին: Ապրիլի 28-ին փոխնախարար Մանասարյանը հանդիպում ունեցավ Մոնղոլիայի ԱԳ փոխնախարար` Դ.Գանհույագի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի հնարավոր ընդլայնմանը:

Տեղեկանք: Ժողովրդավարությունների համայնքը ժողովրդավարական պետությունների միջկառավարական կոալիցիա է, որի նպատակը աշխարհում ժողովրդավարական արժեքների ու ինստիտուտների տարածումն է: Այն նախաձեռնվել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ Լեհաստանի նախկին արտգործնախարար Բրոնիսլավ Ժերեմեկի կողմից 2000թ. հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում