Այսօր տեղի կունենա կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանին նվիրված հուշ-երեկո

Այսօր, ապրիլի 29-ին ժ.19.00-ին Մոսկվայի տանը տեղի կունենա Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ՀԽՍՀ վաստաավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Միջոցառման կազմակերպիչներն են’ Մոսկվայի տունը Երևանում, Հայկական երաժշտական համաժողովը և կոմպոզիտորի ընտանիքը:

Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաների կատարմամբ կհնչեն հեղինակի ստեղծագործությունները’ «Պարզից դեպի բարդ» ալբոմից: Ինչպես նաև, իրենց հուշերով սիրելի դասախոսի և ընկերակցի մասին կկիսվեն մի շարք կոմպոզիտորներ և երաժշտագետներ’ Արմեն Բուդաղյանը, Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, Ժաննա Զուրաբյանը, Կոնստանտին Պետրոսյանը, Ռուզաննա Ստեփանյանը, Միխայիլ Կոկժաևը և Կարինե Ջաղացպանյանը:

Էդուարդ Ռուբենի Փաշինյան’ մանկավարժ, Արվեստագիտության թեկնածու, Երևանի Պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստաավոր գործիչ: Ծնվել է 1923թ. Ապրիլի 24-ին, Թիֆլիսում: 18 տարեկանում մեկնում է ֆրոնտ, մասնակցելու Հայրենական Մեծ Պատերազմին, որտեղ և ստանում է ձախ ձեռքի ծանր վնասվածք : Սակայն երաժշտության հանդեպ մեծ սերը և անկոտրուն կամքը թույլ տվեցին երիտասարդ զինվոր-երաժիշտին ոչ միայն կրկին սովորել նվագել վնասված ձեռքով, այլ նաև ավարտել Երևանի պետկոնսերվատորիայի տեսական, ապա կոմպոզիտորական բաժիննները: 1951թ.-ից Փաշինյանը սկսում է դասավանդել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1961 թ.-ից ‘ Երևանի Կոնսերվատորիայի ավագ ուսուցիչ: 1971թ.-ից’ Երաժշտության տեսության ամբիոնի դոցենտ, ապա պրոֆեսոր: Էդուարդ Փաշինյանը երաժշտության մեջ գերլադային սիսթեմի հեղինակն է, ինչպես նաև հանդիսանում է պոլիֆոնիա և հարմոնիա առարկաների միակ հայկական դասագրքերի հեղինակը: Իր գրչին են պատկանում նաև երաժշտության տեսությանը վերաբերող բազմաթիվ գիտական աշխատություններ, խմբերգեր, դաշնամուրային և գործիքային պիեսներ: Իր ուսանողներն են այնպիսի անվանի վարպետներ, ինչպիսիք են’ Սվետլանա Նավասարդյանը, Լուսինե Զաքարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արթուր Սաթյանը, Արտաշես Քարթալյանը և այլոք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում