Այսպիսի Գնել
07/02/2018 16:25
Նմանատիպ
Այսպիսի Գնել,
Այսպիսի Գնել
Տեսքով՝ հրեշտակ,
Ինքը՝ սատանա,
Ես չէի տեսել
Մինչև հիմա։
Ինչ որ անում է,
Ասում է՝ ես չեմ։
Գրադարակից
Հանում է գիրքը
Ու տեղը դնում
Մի մեծ պնակ,
Եվ խնձորի հետ
Մեկ-մեկ կրծում է
Թերթերով լիքը
Մի․․․թղթապանակ։
Ասում ես՝ Գնե՜լ,
Այդ ի՞նչ ես անում,
Ասում է՝ ես չեմ,
Մուշեղն է անում։
Եղբայրն է փոքրիկ
Մուշեղը նրա,
Մի ամսեկան էլ
Դեռ իսկի չկա։
Այսպիսի Գնել,
Այսպիսի Գնել,
Տեսքով՝ հրեշտակ,
Ինքը՝ սատանա,
Ես չէի տեսել
Մինչև հիմա։
Հեռուստացույցի
Ետևն է մտնում,
Կատվի ու մկան
Ձայներ է հանում։
Ասում ես՝ Գնել,
Այդ ի՞նչ ես անում,
Ասում է՝ ես չեմ,
Մուլտիկն է անում։
Վա՜յ, ո՞վ է տեսել
Այսպիսի տղա,
Դեմքով՝ հրեշտակ,
Ինքը՝ սատանա։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ