Խորհրդավոր ծերունին

Խորհրդավոր ծերունին

– Այդ դո՞ւ ես, – ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

– Դու որտեղի՞ց գիտես ինձ, ծերունի։

– Քո ծնված օրից։

– Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

– Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

– Վա՜հ, մի՞թե․․․

– Ես քո պապին էլ եմ տեսել. ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

– Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

– Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

– Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

– Հա՛, հա՛, հա՛, հա՛. զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ․․․

– Դե որ այդպես է, պատմիր, խնդրում եմ, պատմիր, ծերունի. ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

– Ինչ տեսակ մարդի՞կ․․․

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում․․․ Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու․․․ Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

– Վա՜յ, խեղճ պապեր։

– Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրո տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները․․․

– Ո՜վ բարի ծերունի։

– Հա, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սիրահար, որը ցավագար․․․Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել ու ամեն մեկը մի տեղ մնացել։

– Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

– Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, որ քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես այն ես եմ թաղել։

– Եվ դեռ այդպես արա՞գ ես գնում. ես չեմ կարողանում քեզ հասնել։

– Հա՛, հա՛, հա՛, հա՛. հոգնեցի՞ր․․․ տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել․․․ Ե՜կ, ե՜կ․․․․

– Սպասի, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

– Ե՜կ, ե՜կ․․․

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում