Ժիրայր Սեֆիլյանին մեծ հաճույքով կզիջենք Ազատության հրապարակը. Ր. Հովհաննիսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց.« Նրանք, ովքեր սուլիչներով եկել էին հրապարակ ու ասում էին՝ «հիմա», նրանք Հյուսիսային պողոտայում նահանջեցին, նրանք, ովքեր ապրիլի 9-ին արյուն էին ուզում, չստացան: Մենք գտնվում ենք ինքնատիպ հայաստանյան իրավիճակում, երբ մի օրով, մի ակնթարթով, մի փամփուշտով բան չի փոխվի, բայց ոչ էլ հինգ տարի կտևի՝ ես ներքին համոզմունք ունեմ»:

Ր. Հովհաննիսյանը հավելեց նաև, որ մարզային այցելությունների ընթացքում հանդիպել է և ոգևորությունների, և այնպիսի մի խավի, ովքեր կարծել են, թե ապրիլի 9-ին մեկ երթով կարող են փոփոխություն կատարել. «Մեղքն իմն է, եթե տպավորություն եմ ստեղծել, թե մի երթով, մի քայլով իշխանափոխություն կլինի: Կվերցնեմ մեղքի իմ բաժինը և նաև այն, որ երեք-չորս ամիս առաջ ոչ ոք չհավատաց, իսկ ես հավատացի: Մեծ քաղաքներում, որոնք միանշանակ քվեն տվեցին իմ օգտին, կա ոգու պոռթկում, ոմանք էլ ասում են՝ մենք ապրիլի 9-ին ուզեցինք գրոհել, իշխանություն զավթել, բայց չստացվեց»:

«Ժառանգության» առաջնորդն պատասխանեց նաև այն հարցին, թե՝ չի՞ թուլանա արդյոք շարժումը, երբ «Նախախորհրդարան»-ը ինքնուրույն գործի, ասաց. «Ժիրայր Սեֆիլյանն ազգային հերոսներից մեկն է, ով մայիսի 9-ին ազատագրեց Շուշին, և հարգանքի է արժանի: Միայն կասեմ, որ ակնկալիքները տարբեր էին ապրիլի 9-ին: Ժիրայր Սեֆիլյանին մեծ հաճույքով կզիջենք Ազատության հրապարակը՝ այն օրը, երբ իրենք ցանկանան հանրահավաք անցկացնել, ինչպես նաև ապրիլի 30-ին կզիջենք ՀԱԿ-ին: Ես պարզապես Ժիրայրին ասել եմ, որ ամսի 9-ին մենք ենք նախատեսել հանրահավաք անցկացնել: Նախնական տվյալներով՝ նա որոշեց այդ օրը գնալ Գյումրի: Կարող են գալ և միանալ մեզ, կարող են այդ օրը մեզնից հետո հանրահավաք անել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում