Հայաստանի պատմության թանգարանը 2017-ի արտաբյուջեն գերակատարել է շուրջ 18 միլիոն դրամով

Հայաստանի պատմության թանգարանը 2017-ի արտաբյուջեն գերակատարել է շուրջ 18 միլիոն դրամով

Հայաստանի պատմության թանգարանը պլանավորած 77 միլիոն դրամի փոխարեն 2017-ին ապահովել է ավելի քան 95 միլիոն դրամի փաստացի եկամուտ՝ արտաբյուջեն գերակատարելով շուրջ 18 միլիոն դրամով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

2018-ին ակնկալիքը Պատմության թանգարանից շատ ավելին է՝ պայմանավորված երեք խոշոր հոբելյաններով (Երևանի 2800, Սարդարապատի հերոսամարտի և Առաջին հանրապետության 100-ամյակներով ), Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի և մի շարք այլ միջոցառումների անցկացումով, որոնք ենթադրում են այցելուների հսկայական հոսք:

Պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի հետ զրույցում նախարար Ամիրյանն առաջարկել է տարին պլանավորել ըստ վերոհիշյալ ակնկալիքի. լուրջ ուշադրություն դարձնել հուշանվերային արտադրանքին, ընդլայնել հուշանվերների քանակն ու տեսականին:

«Առանցքային միջոցառումը լինելու է Առաջին հանրապետության 100-ամյակը, ուստի հուշանվերների զգալի մասը պետք է ստեղծվեն հենց այդ թեմայի շրջանակում՝ բնականաբար, հաշվի առնելով նաև Պատմության թանգարանի այս տարվա ցուցադրության տրամաբանությունը»,-ասել է Արմեն Ամիրյանը:

Պատմության թանգարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է նաև աշխատակիցների համազգեստը «թարմացնելու», բացօթյա ցուցադրություններ կազմակերպելու, «Տաշիր սթրիթ»-ում Պատմության թանգարանի ցուցանմուշների կրկնօրինակները ներկայացնելու և այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում