Փոստատար արեգակը

Փոստատար արեգակը

Մեր փոստատար արեգակը,
Ուսին ամպե պայուսակ,
Գյուղից՝ քաղաք
Եվ քաղաքից գյուղ է գնում,
Սարից իջնում 
Եվ ծովերի մեջ է մտնում։

Պայուսակում այդ ճամփորդ
Եվ անձրև կա, և կարկուտ,
Եվ կայծակ կա, և ամպրոպ,
եվ ծիածան, և արտույտ։
Փոստատարը մեր վերին
Նամակների փոխարեն
Բաժանում է գյուղերին
Ամպրոպ, կարկուտ ու շողեր։
Ոչ մի հասցե չգիտի,
Բայց քաղաքում ամեն տուն
Բացիկների փոխարեն
Փաթիլներ է ստանում։
Չի շփոթում ոչ մեկին,
Բոլորի տեղը գիտի,
Եվ բոլորի համար է
Ուղարկում երգն արտույտի։
Փոստատարը ժրաջան,
Երբ անցնում է դաշտերով,
Ողջունում է հասկերին
Անձրևների շիթերով։
Չի մոռանում և ծովին,
Եվ ջրերին գետերի,
Ուղարկում է ծրարներ
Լցված ցողով եթերի։

Փոստատարը մեր պայծառ
Սիրում է խոսք ու կատակ,
Բայց չար մարդկանց հասցեով
Տանում է շանթ ու կայծակ։

Բայց զայրույթից հետո նա
Ամենուրեք, ամեն ժամ,
Որպես ուրախ մի բացիկ՝
Ուղարկում է ծիածան։
Եվ կապում է իրար հետ
Գյուղ, քաղաք ու տափարակ,
Դաշտ ու արոտ, ծով ու լեռ
Եվ անտառ ու ագարակ,
եվ անցնում է հաղթական
Փոստատարը արեգակ։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում