Երիտասարդները չգիտեն սումգայիթյան իրական եղելությունը. բեմադրիչ Նորա Գրիգորյանը Ստանիսլավսկու թատրոնի բեմում կբացի փակագծերը

Երիտասարդները չգիտեն սումգայիթյան իրական եղելությունը. բեմադրիչ Նորա Գրիգորյանը Ստանիսլավսկու թատրոնի բեմում կբացի փակագծերը

Մարտի 2-ին և 3-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում պրեմիերա է. բեմադրիչ-ռեժիսոր Նորա Գրիգորյանը հանդիսատեսին կներկայացնի Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված «На улице Мира» (Խաղաղության փողոցի վրա) փաստագրական ներկայացումը, որն, ի դեպ, աննախադեպ է հայկական թատերագրության մեջ:

Aysor.am-ի հետ զրույցում երիտասարդ բեմադրիչը ևս մեկ անգամ խոստովանեց՝ թեման սովորական չէ, բայց ամեն ինչ արել է այդ ամենից պատվով դուրս գալու համար:

«Երկու օր առաջ ներկայացման հանձնումն էր, որին ներկա էին շուրջ 20-30 հոգի: Բոլորը հուզված ու ոգեշնչված էին, դա ինչ-որ կերպ արձագանքների և գնահատականի ստուգում էր: Հանձնումից հետո կայացած քննարկման ժամանակ բարձր գնահատականներ հնչեցին թե՛ դերասանների, թե՛ ռեժիսորական յուրահատուկ մոտեցման մասին: Կարծում եմ՝ այդ բոլորից պարզ է դառնում, որ մեր ներկայացումը իրավունք ունի ապրելու: Ես այդ օրն էլ հիշեցի հայրիկիս խոսքերը, հիմա էլ կկրկնեմ. «Если при обсуждении отмечают гениальную работу артистов, а режиссера не вспоминают или вспоминают в конце- значит спектакль получился очень хорошим»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Նորա Գրիգորյանը:

Բեմադրիչը չի՛ պրոպագանդում արյուն ու պատերազմ, չի՛ պարտադրում հայրենասիրություն կամ հակաադրբեջանական վերաբերմունք: Պարզապես, բեմից ցույց է տալիս այն, ինչ եղել է ընդամենը 3 տասնամյակ առաջ՝ բարձրաձայնելով, որ հայն իրավունք չունի չիմանալ կամ չհիշել իր պատմությունը:

«Հավատացեք, հատկապես երիտասարդները, ես, Դուք ու մեզ նման հազարավոր մարդիկ, չգիտեն սումգայիթյան իրական եղելությունը: Երբեմն լսում ենք, թե ինչպես են ասում՝ ադրբեջանցի կամ թուրք երիտասարդները առնչություն չունեն իրենց հայրերի ու պապերի «սխրանքների» հետ: Ո՛չ, այս ներկայացումը ցույց է տալիս, որ ունեն, և սա ոչ թե պարզապես ատելություն է հայերի հանդեպ, այլ՝ մանրակրկիտ մտածված քաղաքական համոզմունք»,- նշեց նա:

Հարցին՝ պիեսը գրելիս ո՞ր հատվածից է առավել հուզվել, սցենարիստ-բեմադրիչը պատասխանեց.

«Հավատացեք՝ այստեղ չկա հատված, որը չի հուզում: Պատմությունները տարբեր են, բայց բոլորն էլ հոգիդ տակն ու վրա են անում: Միայն ասեմ, որ ներկայացման ֆինալի վրա երկար եմ մտածել: Կարծում եմ՝ այն էմոցիաների խառնաշփոթ կառաջացնի՝ մեկտեղելով հուզմունք, ուրախություն ու լաց: Փակագծերն առավել չեմ ցանկանա բացել, եկեք և տեսեք»:

Սումգայիթյան ջարդերն արտացոլող ներկայացման երաժշտական հիմքում ադրբեջանցի էստրադային և օպերային երգիչ, դերասան, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Ռաշիդ Բեհբութովի կատարումներից մեկն է.

«Այդ երգը հայրիկիս սիրած երգերից է, որը երեք մայրաքաղաքների՝ Երևանի, Բաքվի և Թբիլիսիի մասին է: Այն մասին, թե այդ երեք քաղաքների ժողովուրդներն ինչպիսի ընկերություն են արել, խմել ու ուրախացել միասին»:

«На улице Мира» ներկայացումը առաջիկայում հյուրախաղերով կլինի Արցախում և Գորիսում: Բանակցություններ են տարվում նաև Հայաստանից դուրս գնալու մասին: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է բեմականացումը երբևիցե ֆիլմի վերածվի, Aysor.am-ի զրուցակիցը նկատեց.

«Չգիտեմ ֆիլմի կվերածվի՞, թե՞ ոչ, բայց մեծ հույսեր ունեմ, որ այն կհետաքրքրի հանդիսատեսին ու կդառնա խաղացանկային ներկայացում»:

Ներկայացումը ռուսական թատրոնի բեմում կլինի նաև մարտի 16-ին: Այն հովանավորվում է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում