Նոր մանրամասներ Բոստոնի ահաբեկչությունից

Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության թեման դեռ շարունակվում է մնալ լրատվամիջոցների շրջանառության ուշադրության կենտրոնում, և ահաբեկչության հետ կապվող ամենամութ պատմություններից մեկն էլ շարունակվում է մնալ ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ «Միշա»-ի անվան հետ կապված առեղծվածը, ում ահաբեկիչների հարազատները մեղադրում էին Թամերլան Ցարնաևին ռադիկալ Իսլամի դրդելու մեջ:

Ամերիկյան The New York Review of Books պարբերականի թղթակից Քրիստիան Քերիլը զրուցել է Միշայի’ Միխայիլ Ալլահվերդովի հետ, ով խոստովանել է, որ ճանաչել է Թամերլան Ցարնաևին:

«Այսօր կեսօրին ես հնարավորություն ունեցա տեսնելու Միշա Ալլահվերդովին: Ես գտել եմ նրան իր տանը, որը գտնվում է Ռոդ Այլենդում: Դա միջին խավի թաղամաս է, որտեղ վերջինս իր տարեց ծնողների հետ միասին բնակվում է մի կոկիկ բնակարանում: Նա հաստատել է, որ նա իսլամիստ է, ինչպես նաև խոստովանել է, որ ճանաչում է Թամերլան Ցարնաևին: Սակայն նա կտրականապես մերժել է այն շրջանառվող խոսակցությունները, որ նա ինչ-որ ձև կապ է ունեցել Բոստոնի ահաբեկչության հետ»,- նշում է թղթակիցը:

«Ես նրա ուսուցիչը չեմ եղել և եթե նույնիսկ այդպես լիներ, ապա ես թույլ չէին տա, որ նա նման բան իրագործեր»,- նշել է Ալլահվերդովը:

Ալլահվերդովը թղթակցի հետ զրույցում նշել է, որ Թամերլան Ցարնաևին ճանաչել է Բոստոնից, որտեղ նա ապրել է 3 տարի առաջ, սակայն մինչ օրս նրա ընտանիքի անդամներից ոչ ոքի հետ կապ չի ունեցել:

«Ես համագործակցել եմ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետ: Ես նրանց տվել եմ իմ համակարգիչը, հեռախոսը, և մնացած այն ամենը ինչով ես կարող էի ապացուցել իմ անմեղությունը: ՀԴԲ-ի գործակալները ասել են, որ պատրաստվում են փակել իմ գործը»,- ասել է նա:

Թղթակիցը նշել է, որ Ալլահվերդովի ծնողները տիպիկ խորհրդային ներգաղթյալներ են, ովքեր միջին խավի կյանք են վարում ԱՄՆ-ում: Նրա հայրը քրիստոնյա հայ է, իսկ մայրը էթնիկ ուկրաինուհի: Ընտանիքը մինչև ԱՄՆ տեղափոխվելը ապրել է Բաքվում, սակայն հեռացել են Ադրբեջանից 1990-ականներին, որպեսզի խուսափեն Ադրբեջանում զարգացող հայ քրիստոնյաների նկատմամբ հետապնդումներից:

Աղբյուր 

Հետևեք մեզ նաև Telegram-ում