«Qatar Airways» ավիաընկերությունը մուտք կգործի հայկական շուկա

Օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով հունիսին Հայաստան կայցելի Կատարի քաղավիացիայի պատվիրակությունը:

Այսպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել այսօր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի ու շ ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Ա. Ռահման ալ- Մեղայիսիբիի հանդիպման ժամանակ (նստավայրը’ Թեհրան): Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ա. Գևորգյանը նշել է, որ աշխարհի առաջատարներից համարվող կատարական «Qatar Airways» ավիաընկերության մուտքը հայկական շուկա կնպաստի ուղևորափոխադրումների որակի և այս ոլորտում մրցակցության բարձրացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել երկու երկրներում դեսպանատների բացման հնարավորությանը և ընդգծել, որ այն կարող է նպաստել փոխգործակցության արդյունավետությանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում