Տարոն Մարգարյան. Ես միշտ լինելու եմ ձեր կողքին

Երևանի ավագանու թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քարոզչության շրջանակներում հանդիպեց Ավան վարչական շրջանի բնակիչների հետ:

«Ես արդեն 8 տարի շարունակ հաշվետու եմ մեր ավանցիներին: Չորս տարի է’ ինչ հաշվետու եմ Երևանի բնակչությանը: Այսօր ես իմ փոքր տանն եմ, իսկ Երևանը մեր մեծ տունն է: Ես համոզված եմ, որ այդ փոքր տան նման, որ 8 տարի շարունակ միասին կառուցեցինք, փոխադարձ հարգանքով ու վստահությամբ կարողացանք Երևանի մի փոքր գողտրիկ անկյուն ունենալ’ հանձին Ավան վարչական շրջանի, այդ նույն եռանդով մենք կկարողանանք կառուցել ավելի լավ Երևան»,-ասաց Տ. Մարգարյանը:

Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ կատարվող աշխատանքները շարունակական են լինելու:

«Մենք միասին կարողանալու ենք կառուցել մեր մեծ տունը մեր փոքր տան փայլուն օրինակով: Երևանցին միշտ հպարտ է եղել, ավանցին միշտ հպարտ է եղել, և վստահ եմ, որ իր վստահությամբ և պարզ ճակատով երևանցին քայլելու է դեպի ապագա և հաղթահարելու է այն բոլոր դժվարությունները, որ այսօր էլ առկա են:

Տարոն Մարգարյանը նշեց, որ չնայած Ավան համայնքը Երևանի ամենաբարեկարգ համայնքներից մեկն է, սակայն խնդիրներ այնուամենայնիվ առկա են:

Եզրափակելով խոսքը Տարոն մարգարյանն ասաց. «Ես ձեզանից մեկն եմ եղել, և այսօր էլ եմ ձեզանից մեկը: Ես հպարտ եմ, որ ապրում եմ Ավանում, ես միշտ լինելու եմ ձեր կողքին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում