Թե ինչպես ընդունեց ՀՅԴ-ի առաջարկները Արմեն Աշոտյանը

«Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովում ներկայում քննարկվող նախագծերի փաթեթի նպատակն է ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից:Այս մասին Ազգային Ժողովի ապրիլի 29-ի նիստի ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Լավ կլիներ, եթե ընդդիմության շատ նախագծերի վերաբերյալ նման դրական մոտեցումներ լինեին: Դա մեր երկրում շատ-շատ խնդիրներ կլուծեր»,-ասաց Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորը ավելացրեց, որ կառավարությունը մինչ այժմ արտոնություններ է տրամադրում միայն այն դիմումատուներին, ովքեր միաժամանակ և՛ սահմանամերձ, և՛ բարձրլեռնային բնակավայրից էին։ Իսկ ներկայացված փոփոխություններով շեշտվում է, որ այդ արտոնությունից կօգտվեն և՛ սահմանամերձ, և՛ բարձրլեռանային գոտում, և’ սահմանամերձ բարձր լեռնային գոտում բնակվողները:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն իր ելույթում պատասխանեց Մինասյանին. «Քառամյա խորհրդարանական փորձը ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն. բոլոր այն առաջարկությունները, որոնք գալիս են ընդդիմությունից և իրատեսական են ու բարելավմանն են ուղղված, միշտ արժանանում են կառավարության դրական եզրակացության»:

ՀՅԴ պատգամավորն էլ իր հերթին պատասխանեց.«Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով այս նախագծի շուրջ համատեղ որոշման համար դրական կարծիք ձևավորելու ուղղությամբ՝ վստահ եմ, որ պարոն Աշոտյանն ինքն էլ գիտի, որ այդպես է, երբեք մենք մեր վարքագիծը ընտրություններով չենք պայմանավորել, և մեր բոլոր նախաձեռնությունները, որոնց անունը դուք դնում եք բովանդակային, համապատասխանել են թե՛ երկրի Սահմանադրությամբ նախատեսված, թե՛ Կառավարության հռչակած սոցիալական, իրավական տեսության կայացման նպատակադրումներին»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում