Վարչապետ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներին, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:  

Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները և նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը և ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և այլ խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում