Դանիայում ցուցադրվել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, քննարկվել է Հայոց ցեղասպանության թեման
Նմանատիպ
Այս օրերին Դանիայում եւ Նորվեգիայում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես, ապրիլի 19-ին տեղի ունեցան Դանիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպած երկու միջոցառումներ՝ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաեւ քննարկում՝ «Հայոց ցեղասպանության ընկալումը տարբեր սերունդների կողմից» թեմայով:
Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառում անցկացվեց Կոպենհագենի Սբ. Ստեֆան եկեղեցում: ՀՀ դեսպանության եւ Դանիայի հայ համայնքի կողմից ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը’ իր խոսքում, մասնավորապես, նշելով. «Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա’ դանիացի ժողովուրդը մեր կողքին է: Դանիայի հասարակության լայն շերտերը ստանձնեցին պատմական արդարության վերականգնողի դերը եւ պայքարեցին մինչեւ վերջ’ դեմ հանդես գալով եւ թույլ չտալով Դանիայում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության դեմ ժխտողական քարոզչությանը»:
Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի շրջանակներում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառում անցկացվեց Կարեն Յեփփեի ծննդավայրում’ Գյուլինգում: Արդեն ավանդական դարձած միջոցառմանը մասնակցեցին Կոպենհագեն, Օդենսե, Արհուս, Կոլդինգ քաղաքներից եկած հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեծ թվով դանիացիներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:
Միջոցառումն սկսվեց Գյուլինգի եկեղեցում, որտեղ ելույթներ ունեցան Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը եւ ՀՀ դեսպանը: Ելույթներից հետո արխիվի տնօրենը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաների ու կանանց համար Կարեն Յեփփեի կողմից Հալեպում կատարված աշխատանքների մասին պատմող փաստավավերագրական եզակի լուսանկարներ եւ այդ ժամանակվա նկարահանված եւ դեսպանության աջակցությամբ թվայնացված ֆիլմեր:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաեւ Նորվեգիայում: Ապրիլի 21-ին «Amatøren» ուսանողական միությունը կազմակերպեց Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը:
Ապրիլի 24-ին Օսլոյից ոչ հեռու գտնվող Օս քաղաքի բնագիտական համալսարանում ցուցադրվեց մեծ հայասեր եւ մարդասեր, Նորվեգացի միսիոներ Բուդիլ Բյորնի մասին պատմող «Ինձ կոչում են մայրիկ» փաստավավերագրական ֆիլմը:
Ապրիլի 28-ի Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Օսլոյի եւ մերձակա բնակավայրերի հայերը այցելեցին Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան-ինստիտուտ, որի բակում է գտնվում հայ ժողովրդի մեծ բարեկամի գերեզմանը: Նրանք ծաղկեպսակներ դրեցին Ֆրիտյոֆ Նանսենի գերեզմանին եւ հանդես եկան ոգեկոչման խոսքերով:
Ոգեկոչման միջոցառում անցկացվեց նաեւ Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաքում’ Բերգենում Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված եւ Հայոց Ցեղասպանությունը ոգեկոչող խաչքարի մոտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում