Հիմնական գաղափարը պտտվում է երկակի ստանդարտներով ապրելու անհարմարության շուրջ. Նարնուրը՝ «Խեր, Շառ, Աստվածուհի» ցուցահանդեսի մասին

Հիմնական գաղափարը պտտվում է երկակի ստանդարտներով ապրելու անհարմարության շուրջ. Նարնուրը՝ «Խեր, Շառ, Աստվածուհի» ցուցահանդեսի մասին

Մարտի 1-ին կայացավ կոլլաժային արտ-նախագիծ Նարնուրի առաջին՝ «Խեր, Շառ, Աստվածուհի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Նախագիծը ծնվել է ամիսներ առաջ սկսնակ արվեստագետ կամ ինչպես ինքն է ներկայացնում, «չարվեստագետ, բայղուշ» Նարինե Վարդանյանի մոնոխրոմ՝ սև և սպիտակ թղթե գործերի հիման վրա:

«Թղթե կոլլաժներս դեռ առաջին քայլն են, հետագայում ես նրանց կարող եմ ստանալ ինչ նյութից որ ուզեմ, ինչ նյութից, որ թեման կուզի: Այս անգամ համադրողիս հետ ընտրել ենք կտավ, փայտ, կտոր ու դեկորատիվ կոսմետիկայի մասնիկներ: Ըստ մեզ՝ թեմային բնորոշ կլինի», – Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Ն. Վարդանյանը:

Ցուցահանդեսի համադրողն Էլլա Կանեգարիանն էր: Որպես ցուցահանդեսային տարածություն` ընտրվել էր Լուսավորիչ 12 հասցեում գտնվող նախկին «Հագուստ Բելգիայից» սեքնդ հենդ խանութի տարածքը: Բուն ցուցադրությունը տեղի է ունեցել տարածքի նկուղում, որտեղ հյուրերն իջնում էին երեք-երեք խմբի բաժանված՝ վերելակով։ Այն հարցին, թե արդյոք պատահական է ընտրվել հենց այս տարածքն ու հենց մարտի 1-ին, Է. Կանեգերիանը պատասխանեց.

«Այս տարածքում աշխատում եմ երկրորդ անգամ: Առաջին անգամ անցյալ տարվա նոյեմբերին այստեղ արեցինք եգիպտահայ արվեստագետ Վալենթինա Մազի ցուցահանդեսը, հիմա տարածության հետ մի փոքր այլ կերպ ենք աշխատել: Նարինեի գործերը ցուցադրվել են նկուղում, իսկ հիմնական սրահում եղան նրա գործերի վերատպություններն ու գինու հյուրասիրություն: Այսպես մենք մի փոքր փորձել ենք հետ բերել դիտողի ու արվեստագետի ինտիմության պահը: Ցուցանմուշների մոտ անհնար կլինի մտնել գինով կամ, այսպես ասած, «շատվորով», հյուրերը կմտնեն երեք-երեք, որպեսզի հանգիստ ընկալեն միջավայրն ու տրամադրությունը, իսկ զրույց-գինի վիճակներն արդեն այլ սրահում կլինեն»:

Նարինե Վարդանյանն էլ ավելացրեց՝ մյուս կողմից կնոջ գլխի մեջ մտնելը բարդ ու մութ պրոցես է, ու որքան կինը ավելի գրավիչ լինի, այնքան ավելի է վեխեցնում: Դրանով էլ նկուղը բավականին սիմվոլիկ է:

«Ցուցահանդեսի հիմնական գաղափարը պտտվում է երկակի ստանդարտներով ապրելու անհարմարության շուրջ, սեքսուալությունից ՝ վախի և այլ խնդիրների: Դրանք դեռ չեն լուծվել կամ դեկորատիվ լուծում են ստացել», – նկատեց նա:

Ցուցահանդեսի պրոմո նյութերի մեջ առկա են շատ հոլովակներ, որոնք սարսափ ժանրի ֆիլմերից հատվածներ են հիշեցնում: Դրանց բացատրությունը համադրողն այսպես է ձևակերպում.

«Սա ընդամենը փոխանցելու համար է այն լարումը, որը մարդկանց մոտ առաջանում է գեղեցիկ, ինքնաբավ ու ուժեղ կին տեսնելուց: Մի տեսակ միֆական վախ դեռ կա մարդկանց մոտ։ Օրինակները շատ են. թե՛ կին դեմոնները, թե՛, օրինակ, 20-րդ դարի ֆիլմային «ֆեմ ֆատալ» (ճակատագրական կին) կերպարները, որոնք միշտ սարսափելի գրավիչ էին, խելացի, ինքնուրույն ու մեկտեղ վնասատու»:

Նրա կարծիքով` Նարինեյի կոլլաժների հանդեպ աճող հետաքրքրությունը պայմանավորված է այն բանով, որ դրանք հեշտ է հիշել ու հասկանալ, քանի որ բոլորն էլ այն խնդիրների մասին են, որոնք վերաբերում են ամեն մեկիս, մեր կոնտեքստին, մեր անցյալին, մեր 90-ականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում