Արմեն Ամիրյանը պետական աջակցություն ունեցող որոշ փառատոններից գոհ չէ, և պետք է մտածել նոր մոտեցումներ

Արմեն Ամիրյանը պետական աջակցություն ունեցող որոշ փառատոններից գոհ չէ, և պետք է մտածել նոր մոտեցումներ

Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության՝ շուրջ երկու ժամ տևած բաց նիստին երեկ ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հայաստանի անկախացումից ի վեր սա երկրի մշակույթի նախարարի առաջին այցելությունն էր Միություն:

ՀԿՄ նախագահ Ա. Սաթյանն իր ողջույնի խոսքում կարևորեց Կոմպոզիտորների միություն – մշակույթի նախարարություն համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի: Նա նախարարին ներկայացրեց կոմպոզիտորների ստեղծագործությունների գնահատման սանդղակին վերաբերող հարցեր՝ նշելով սանդղակի վերանայման անհրաժեշտությունը: Նախարարն արձագանքեց, որ կոմպոզիտորներին քաջալերելու, նրանց ստեղծագործությունները հանրայնացնելու համար միասնական ջանքերով նոր մեթոդներ է անհրաժեշտ մշակել, օրինակ, նպաստել պրոդյուսերական գործառույթի զարգացմանը Հայաստանում:

Կոմպոզիտոր Ա. Բաբայանն անդրադարձավ երկրի մշակութային քաղաքականությանը, նշելով, որ Հայաստանում քիչ են հնչում հայ հեղինակների մեծակտավ ստեղծագործությունները, ինչի առիթով հույս հայտնեց, որ նախարարությունում կլինի ավելի շատ վերահսկողություն՝ պետական կոլեկտիվների ծրագրերի նկատմամբ:

Լ. Չաուշյանն էլ իր հերթին մտահոգություն հայտնեց Երևանում կազմակերպվող՝ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի վերջին երկու տարիների փառատոնային ծրագրերին՝ դրանք որակելով ոչ լիարժեք: Ի պատասխան նախարարը նշեց, որ հաշվի կառնվեն դիտարկումները և կփորձեն ներգրավել նաև ավելի շատ ՀԿՄ անդամ կոմպոզիտորների, մասնագետների՝ ծրագիրն ամբողջացնելու համար: Իսկ անդրադառնալով փառատոներին, նախարարն ասաց, որ պետական աջակցություն ունեցող որոշ փառատոներից գոհ չէ, և պետք է մտածել նոր մոտեցումներ, որպեսզի դրանք որակապես ավելի բարձր լինեն և ներգրավեն ավելի շատ հանդիսատես:

Երաժշտագետ Մ. Ռուխկյանի այն առաջարկին, որ անհրաժեշտ է վերականգնել սովետական ժամանակաշրջանում գոյություն ունեցած ցերեկային օպերային ներկայացումները, համերգները՝ նախատեսված երեխաների համար, նախարարը պատասխանեց, որ արդեն իսկ հրահանգել է բոլոր կոլեկտիվներին շաբաթական նվազագույնը 3 ներկայացում պատրաստել:

Բացի այդ, ասաց, որ մտադիր են Օպերային թատրոնի շենքում գործող «Օպերա ակումբը» դարձնել մանկական երաժշտության հարթակ: Երաժշտագետն առաջարկեց նաև ավելի մեծ ուշադրություն սևեռել պետական մրցանակ ստացած կոմպոզիտորներին՝ նրանց համար կազմակերպելով ստեղծագործական երեկոներ:

Կոմպոզիտոր Ն. Զարիֆյանն առաջարկեց ավելի շատ մյուզիքլներ, երաժշտական ներկայացումներ բեմադրել, ինչին ի պատասխան նախարարն ասաց՝ կանեն հնարավորինս, որպեսզի Պետական կամերային երաժշտական թատրոնը դառնա նաև նմանօրինակ ներկայացումների հարթակ:

ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կ. Պետրոսյանը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Միությունը ողջ տարվա ընթացքում փառատոների, նախագծերի իրականացման համար ստանում էր միանվագ գումար, որը կարողանում էր բաշխել ըստ անհրաժեշտության, ինչը շատ արդյունավետ էր: Նախարարը պարզաբանեց, որ գումարները նախարարությունն ուղղում է բացառապես կոնկրետ նախագծերի իրականացմանը:

Ա. Պանյանն անդրադարձավ ArmCo Radio-ի ֆինանսավորման խնդրին, որին ի պատասխան Ա. Ամիրյանը նշեց՝ ռադիոն այնպիսի բիզնես ոլորտ է, որի ստեղծման և զարգացման համար անհրաժեշտ են անձնական մոտեցումներ:

Երիտասարդ կոմպոզիտորներ Ժ. Շահրիմանյանն ու Ա. Կալինինան մտահոգություն հայտնեցին, որ երիտասարդների մեծակտավ ստեղծագործությունները բավարար քանակով չեն կատարվում երաժշտական կոլեկտիվների կողմից՝ նշելով, որ երաժշտական կոլեկտիվների և կոմպոզիտորների հետ նախորդ ընթրիքի ժամանակ քննարկվել է նաև այդ հարցը: Նախարարը խոստացավ ևս մեկ ընթրիք կազմակերպել, որտեղ դարձյալ կքննարկվեն այդ հարցերը:

Հանդիպման ընթացքում Մ. Կոկժաևն առաջարկեց ստեղծել հայ կոմպոզիտորների հնչած ստեղծագործությունների պարբերական, ինչին նախարար Ամիրյանն արձագանքեց, որ կարելի է ՀԿՄ կայքին կից ստեղծել էլեկտրոնային շտեմարան: Երիտասարդական ֆորումի ղեկավար Ս. Ումրոյանն անդրադարձ կատարեց համերգասրահների վարձակալության գնային քաղաքականությանը, նաև երիտասարդներին հնարավոր հասանելիք զեղչերին: Նախարարը փաստեց, որ համերգասրահների՝ նոր սահմանված գներն այն գումարներն են, որոնք բավարարում են դահլիճների սպասարկման նվազագույն ծախսերը: Նա վստահեցրեց, որ վարձակալությանն առնչվող գրավոր առաջարկների դեպքում նախարարությունը հնարավոր է համարում զեղչեր՝ ընդհուպ մինչև փոխհատուցում:

Հանդիպման շրջանակում քննարկվեցին բազմաթիվ այլ հարցեր: Նախարարը վերջում նշեց, որ գնահատում և արժևորում է ՀԿՄ դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստի զարգացման գործում և խոստացավ նման ձևաչափով ևս մեկ հանդիպման ներկա լինել:

Հայաստանի կոմպոզիտորների միության հաղորդագրություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում