Հոգևոր լինելը նախադրյալ երջանկության
Նմանատիպ
Հոգևորը կարևոր տեղ է զբաղեցնում կյանքում: Հոգևոր կարիքները բավարարող մարդը կարո՞ղ է երջանիկ լինել արդեն դրանով:
Պետք է հասկանանք, թե ինչ ենք ընկալում` երջանկություն ասելով: Մեկի համար երջանկությունը նյութական բավարարվածությունն է, մյուսի համար իր զավակների բարօրությունը և այլն: Սակայն իրականում բոլորն էլ ուզում են ինչ-որ ձեռքբերումով հասնել ներքին երանելի զգացողության: Հետևաբար, երջանկությունը նաև հոգու խաղաղ ու ներդաշնակ վիճակն է, իսկ այդ երջանկությունն ստանալու համար պետք է մոտենանք երջանկության աղբյուրին, որ է Աստված:
Հոգևոր կարիքների բավարարումը նախադրյալն է երջանկության, որովհետև մարդն իր հոգու խորքում ունենում է այնպիսի հոգևոր ուրախություն, երանություն, խաղաղություն, որից ոչ ոք չի կարող նրանից բաժանել: Սա բացատրենք Սուրբ Հովհան Ոսկեբերանի կողմից բերված օրինակով:
Ճիշտ է, Ոսկեբերանի օրինակն ուղղակիորեն չի վերաբերում այս հարցին, բայց մեծապես օգնում է դրա ընկալմանը: Խոսելով Սուրբ Գրքի մեկնության մասին` Ոսկեբերանն ասում է, որ Սուրբ Գիրքը նման է գեղեցիկ ծովի, որի պատկերով ու հատկություններով հիանում ենք, սակայն այդ ծովի խորքում այնքան գանձեր ու գեղեցկություններ կան, որ դրանք դուրս են բերում և ներկայացնում Սուրբ Գրքի մեկնիչները:
Այսպես նաև մենք կարող ենք արտաքին աշխարհի տարբեր իրողություններից վշտեր, տխրություն, թախիծ ապրել, բայց մեր հոգու խորքում եղող հոգևոր ուրախությունը, Աստծո հետ լինելու գիտակցությունն ու զգացումը անսասան են մնում և օգնում են հաղթահարել մակերևույթի ալեկոծությունները և վերստին խաղաղություն գտնել:
Հոգևոր անձնավորություն լինելու վերաբերյալ տեսակետները տարբեր են: Շատ գրքերում խոսվում է այդ մասին, բայց չկա հստակ պատասխան: Ինչպե՞ս կարելի է դառնալ իսկապես հոգևոր անձնավորություն:
Միայն անցյալի վրա հիմնված հավատքը մեռած հավատք է: Ինչպես որ ըստ Հակոբոս առաքյալի խոսքի` հավատքը մեռած է առանց գործերի (Հակ. 2.20, 26), այդպես էլ առանց ներկայի հոգևոր փորձառության, ներկայի զգացողության, միայն անցյալին վերաբերող հավատքը մեռած հավատք է:
Իրապես, հավատացյալ լինելու համար բավական չէ հավատալ, որ ինչ-որ մի երկու հազար տարիներ առաջ երկրի վրա ապրել է Քրիստոս, ունեցել առաքյալներ, ուսուցանել իր վարդապետությունը, որի սկզբունքներով պետք է մենք էլ ապրենք: Այլ անհրաժեշտ է ներկայի փորձառություն, կապ Աստծո հետ աղոթքով, հոգևոր ապրումներով: Ներկան է հատկապես, որ արժևորում է քրիստոնեությունը: Պողոս առաքյալն ասում է. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» (Բ Կորնթ. 6.2):
Հինդուիզմի հետևորդները, օրինակ, հավատում են, որ ճիշտ ապրելու դեպքում հետագայում` երկրավոր կյանքի վերջնական ավարտից հետո կլինեն Աստծո հետ, կձուլվեն աստվածայինին: Մինչդեռ քրիստոնեության մեջ դա հնարավոր է դառնում ներկայում, երբ մարդն ապրում է Աստծո հետ միասնությամբ, աստվածային ներկայության մշտական զգացողությամբ:
Քրիստոս ասում է. «Աստծո արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17.21), և դա Աստծո հետ լինելու երանության զգացումն է ու բերկրանքը: Քրիստոս նաև ասում է. «Աղաչում եմ բոլոր Ինձ հավատացողների համար, որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես` Քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն» (Հովհ. 17.20-21): Աստծո հետ միասնության ու միավորության զգացումն է նախադրյալը հոգևոր անձնավորություն լինելու: Այս միավորության զգացումն առավել չափով ունեցել են հիմնականում սրբերը, ովքեր իդեալներ են մեզ համար:
Մեր եկեղեցիներում նախկինում կարդացվում էր Հայսմավուրքը, որով ներկայացվում էր սրբերի վարքը: Հայսմավուրք նշանակում է այս օրը` յասմ աւուր, և բոլոր ընթարցվածները սկսվում էին այս օրը տոնն է այսինչ սրբի, ու համապատասխան ընթերցումներով հավատացյալները ծանոթանում էին սրբակենցաղ մարդու կյանքին ու գործերին:
Այսօր մեր հասարակության մեջ մատուցվում են բոլորովին այլ իդեալներ կամ ավելի ճիշտ կարելի է ասել, որ իրական իդեալների բացակայություն է զգացվում: Հեռուստատեսային ֆիլմերն ու սերիալները տարածում են այնպիսի մարդկանց գաղափարներն ու օրինակները, որոնք, մեղմ ասած, շատ հեռու են քրիստոնեական բարոյականության սկզբունքներից ու ընկալումներից: Բացասական հերոսները ներկայացվում են դրական լույսի ներքո, որով դրանք վերածվում են կրկնօրինակման ենթակա օբյեկտների:
Եթե հասարակությունը սպանում է իր վեհ իդեալները, ապա այդ հասարակությունը կամ ժողովուրդը չի կարող լինել վեհ ու առաքինի առանց վսեմ օրինակների: Հետևաբար, հոգևոր դառնալու համար պետք է նաև հետևել հոգևոր անձանց օրինակներին ու կենցաղավարությանը:
Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։
Հետևեք մեզ նաև Telegram-ում