Երևանի և ՀՀ մակարդակով լուծվելիք հարցեր

«Առավոտ»-ի խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է. ««Սիվիլիթաս» հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել’ պարզելու համար, թե ո՞ր խնդիրներն են հուզում երևանցիներին: Այդ հարցման դեմ կարկառուն սոցիոլոգները գուցեև ընդվզեն, բայց ես այն դիտարկում եմ որպես մեր գործընկերների փորձ’ ավագանու ընտրություններից առաջ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու մեր մայրաքաղաքի բնակիչներին հուզող հարցերի վրա: Առաջին հարցը դրված է ընդհանուր ձևով’ ո՞րն է Երևանի առաջնային խնդիրը: 27 տոկոսը նշել է աղբահանությունը և քաղաքի մաքրությունը, բայց 20 և 6 տոկոսը այդպիսի խնդիրներ են համարում, համապատասխանաբար’ գործազրկությունը, ինչպես նաև աղքատությունը և սոցիալ-տնտեսական վիճակը: Հասկանալ է, որ այդ խնդիրները «երևանյան սպեցիֆիկա» չունեն, ճիշտ հակառակը’ մայրաքաղաքից դուրս շատ ավելի ցայտուն են արտահայտված: … Նմանատիպ ոլորտ է Երևանում առողջապահությունը. այս առումով հարցվածների ճնշող մեծամասնությունը’ 42 տոկոսը, առաջնային է համարում բժշկական ծառայությունների գինը: Թեև պոլիկլինիկաները քաղաքապետարանի կառույցն են համարվում, չեմ կարծում, որ բուժման գները, բժիշկների կոռուպցիան, հերթերը և քաշքշուկը նույն պոլիկլինիկաներում Երևանի մասշտաբներով լուծվող խնդիրներ են: … Առավել մանրամասն այս հարցմանը հնարավորություն չկա անդրադառնալու, սակայն այս մի քանի օրինակով պարզ է, թե որ խնդիրները կարող են լուծվել քաղաքային, իսկ որոնք’ հանրապետական մակարդակով: Հարցման մեջ նման հարց էլ կա՝ «ո՞վ պետք է լինի նշված խնդիրների լուծման առաջնային պատասխանատուն»: 34 տոկոսը նշում է քաղաքապետին, 20-ը’ ՀՀ նախագահին: Համաձայն չեմ: Ինձ թվում է’ հակառակն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում