Ի՞նչն ավելի շատ օգուտ կբերի մեր մշակույթին

Ի՞նչն ավելի շատ օգուտ կբերի մեր մշակույթին

Նախարարությունը պետք է համակարգի և ապահովի տարբեր ծրագրերի իրականացումը ոչ միայն իր ուժերով

«Ազատ» բառը օգտագործելու մեջ մարդիկ շատ ազատ են: Ազատ են նաև մշակույթի գործիչները՝ «մշակույթի ազատություն» անհասկանալի ձևակերպումը կիրառելու մեջ: Հարմար մոտեցում է՝ ամենաանհրաժեշտ անելիքները չանելու համար: Կարճ կապենք ու գանք մեզ, մեր առաջարկվող հարցին: Արդյո՞ք այսօրվա հայկական մշակույթը պետք է ազատ թողնել՝ «ազատ շուկայական հարաբերություններ» կոչվող սկզբունքից ելնելով, թե՞ ամեն դեպքում այն կազմակերպելու կարիք ունի: Հարցադրումն ավելի պարզ դարձնելու համար միանգամից օրինակներ բերենք աշխարհի տարբեր երկրներից և փորձենք հասկանալ, թե «ազատություն» կոչված ամենաթողությունը մեր մշակույթին ավելի շատ օգո՞ւտ կբերի, թե՞ վնաս:

Լեհաստանում վաղուց ի վեր թատերարվեստի զարգացումը խթանելու համար, կառավարության որոշմամբ՝ ընդհանուր աշխատավարձի հետ միասին տրվում են տարբեր թատրոնների ներկայացումների տոմսեր: Ճապոնիայում դասական համերգների հաճախող հանդիսականները տարվա վերջում իրենց տոմսերը կարող են ներկայացնել մշակույթի կազմակերպման գերատեսչություն և ստանալ այն ամբողջ գումարը, որը հանդիսականը ներդրել է դասական համերգների հաճախելու համար: Հասկանալի է, որ այդ քայլն արված է դասական երաժշտության համերգները երկրում մասսայականացնելու համար: Բազմաթիվ երկրներում ամենաառաջնակարգ թատրոնները պահվում ու ֆինանսավորվում են մեկենասների կողմից և աշխարհի շատ նշանավոր թատրոններ երբեք ֆինանսավորման որևէ չափի կարիք երբեք չեն զգում: Այդպես են Անգլիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Թագավորական թատրոնները, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Չինաստանի տարբեր քաղաքներում գործող մեծ թատրոնները, Մոսկվայի Մեծ թատրոնը կամ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը երբևէ հովանավորի պակաս չեն ունեցել, այլ ճիշտ հակառակը՝ մեծահարուստների համար մեծագույն պատիվ է իրենց ամենահայտնի թատրոնի գլխավոր հովանավորը լինելու հանգամանքը, էլ չասենք այն մասին, որ գլխավորի պատվին արժանանալու համար մեծ մրցակցություն է ծավալվում, իսկ ամեն ցանկացող չէ, որ կարող է ընտրվել այդ «պաշտոնում»: Բացահայտ է, որ բազմաթիվ երկրներ բեմարվեստի, թանգարանային արվեստի, պարարվեստի… և հատկապես «ոչ մասսայական ժանրերի» զարգացումն ապահովելու համար կամ իրենց երկրի մշակույթի զարգացման խնդիրները լուծելու հարցը ինքնահոսի չեն թողնում և ամենատարբեր միջոցներով ու ձևերով կազմակերպում են իրենց երկրի մշակույթի զարգացումը:

Չմանրամասնելով հանդերձ՝ այնուամենայնիվ, ի տեղեկություն հայտնենք, որ տարբեր երկրներում տարբեր կառույցներ են մշակույթի զարգացման ծանրությունը ստանձնում. դա հիմնականում երկրների խորհրդարաններն են, կառավարության հատուկ որոշումները, մեծահարուստների գիլդիաները, թագավորական կամ նախագահական գործունեության համակարգման գրասենյակները: Բայց մեկ ընդհանրություն կա բոլորի գործունեության մեջ, դա այն է, որ բոլոր հարցադրումները ներկայացվում և պատասխանները ստանում են երկրի մշակույթը համակարգող գերատեսչությունից, որտեղ եթե անգամ չկա, ապա իրենց պահանջով ձևավորվում են հատուկ աշխատանքային կառույցներ` ազգային պետական մշակույթի առաջնահերթությունները համակարգելու և անհրաժեշտ գումարային ծավալներն առաջին իսկ պահանջով ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է հայկական մշակույթի զարգացմանը, ապա պարզ երևում է, որ թվարկված որակներից ոչ մեկը Հայաստանում չի գործում և բոլոր մշակութային հոգսերը բարդված են մշակույթի նախարարության վրա, որն էլ իր հերթին անում է իր կարողության առավելագույնը, բայց իր իրական կարողությունը չափազանց համեստ է՝ Հայաստանի մշակույթի զարգացման հիմնախնդիրները լուծելու համար: Դրա համար է ամենահաստատուն և հաճախ տրվող պատասխանը, որ կարելի է լսել ՀՀ մշակույթի նախարարությունից, ինչը շատ կարճ ձևակերպում ունի և դրանով ավարտվում են բոլոր հարցերը՝ «փող չկա» և վերջ: Բացահայտորեն պարզ է, որ այսպես մեր «ազատ» կոչվող արվեստում մենք հաստատ հեռու չենք կարող գնալ: Չենք ասում, թե նախարարությունը թող հովանավորի բոլո՜ր մշակութային ծրագրերը, բայց որ պետք է համարկարգի և ապահովի ոչ իր ուժերով տարբեր ծրագրեր իրականացնելու խնդիրը՝ դա միանշանակ իր խնդիրն է: Լավ կազմակերպելու դեպքում նախարարությունը տարիներ շարունակ կարող է բազմաթիվ խնդիրների լուծման հետ ուղիղ կապ չունենալ: Սա «գեղեցիկ» միտք չէ, այսպես արվում է շատ երկրներում, ի դեպ՝ ամենազարգացած:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում