«Ռեմարկը կարողանում է մարդու մեջ լույլ գտնել»

«Ռեմարկը կարողանում է մարդու մեջ լույլ գտնել»

Գերմանացի հայտնի գրող, 20-րդ դարի ամենաընթերցված գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպը թարգմանվել է հայերեն: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ գիրքն այսօր ներկայացվեց ընթերցողներին: Առանձնահատուկ է այն, որ գիրքն առաջին անգամ հայերեն է թարգմանվել գերմաներեն բնագրից: «Վեպի գերմաներեն բնագիրն առանձնանում է դարձվածային համակարգի բազմազանությամբ եւ խիստ հարուստ բառապաշարով: Իսկ հայերենն այնքան հզոր լեզու է, որ կարողանում է լիարժեք մատուցել բնագրի նյութը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:

Գրքի հերոսը գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկն է, որին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել: Նա երկու տարի բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին՝ չնչին գումարների դիմաց: Ռավիկին հետապնդում են նացիստները. թվում է, թե նա անգամ անձնական կյանք կառուցելու հույս չունի, սակայն ճակատագիրը զարմանալի շրջադարձ է նախապատրաստում նրա համար:

«Գրքի սյուժեի հիմքում 2-րդ աշխարհամարտին նախորդող ժամանակահատվածն է: Թվում է, թե տրամադրությունն անկումային է, բայց Ռեմարկը կարողանում է մարդու մեջ լույսը՝ դրականը գտնել: Վեպը սկզբից մինչեւ վերջ աչքի է ընկնում այդ ջերմ ու բարի տրամադրությամբ»,-նկատում է Վանուհի Բաղմանյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Վանուհի Բաղմանյանը հայերեն է թարգմանել նաեւ Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում