«Սուսերով պարը»․ «Եվրիմաժ»-ում Հայաստանը կներկայացնի Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը

«Սուսերով պարը»․ «Եվրիմաժ»-ում Հայաստանը կներկայացնի Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը

Մարտի 13-17-ը Երեւանում կկայանա կինոարտադրության ֆինանսավորման եվրոպական խոշորագույն հիմնադրամի՝ «Եվրիմաժ»-ի կառավարման խորհրդի 150-րդ նիստը, որի ընթացքում կքննվի նաեւ Հայաստանի ներկայացրած մեկ հայտը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մեծ պատվիրակություն է ժամանելու Հայաստան.

«Մենք նաեւ բանակցություններ կվարենք հիմնադրամի ղեկավարության հետ՝ հստակեցնելու համար երկուստեք հետաքրքրող գործակցության միջոցները»:

Ինչ վերաբերում է ներկայացվելիք ֆիլմին, ապա այն, ինչպես պահանջում են «Եվրիմաժ»-ի կանոնները, համատեղ արտադրության է: Հիմնադրամում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ հիմնադրամը քննելու է հայ-ռուսական արտադրության՝ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պարը» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Երեւանում եւ Ռուսաստանում.

«Կարեւոր է, որ Խաչատրյանի եւ հայկական մշակույթի անունը շոշափվի «Եվրիմաժ»-ում:

Ֆիլմի ռեժիսորը եւ սցենարիստը Յուսուֆ Ռազիկովն է, որի խորթ հայրը հայ է. նա մոտ է հայկական մշակույթին եւ մեծացել է այդ միջավայրում»:

Հավելենք, որ Եվրիմաժը ՀՀ-ից ներկայացված համատեղ արտադրության արդեն երկու կինոնախագիծ է ֆինանսավորվել՝ «Սպիտակ»-ը եւ «Ֆաբրիկա»-ն: Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ թեեւ հայ ռեժիսորի աշխատանք դեռեւս չի ներկայացվել, բայց նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, մի քանի կինոնախագծեր վերջնական տեսքի են բերվում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում