Չարենցի դեռևս անտիպ ժառանգություն կա, իսկ պահպանված ձեռագրերը ծանր վիճակում են

Չարենցի դեռևս անտիպ ժառանգություն կա, իսկ պահպանված ձեռագրերը ծանր վիճակում են

Եղիշե Չարենցի ստեղծագործությունների դեռեւս անտիպ ժառանգություն կա, որ պահվում է Գեւորգ Էմինի պահոցում: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Այդ ստեղծագործություններից հայտնի են ինչ-ինչ վերնագրեր, բայց այդ պահոցը չի վաճառվում: Չարենցի մեծ դստերը՝ Արփիկին, ասել եմ ՝հավաքենք, տպագրենք, բայց նա ասում էր՝ սա էլ թող մնա երեխաներին»,-պատմեց Դավիթ Գասպարյանը:

Նա նշեց, որ «Գիրք ճանապարհի» ժողովածուի տպագրությունը դեռեւս Չարենցի կենդանության օրոք կասեցվել է, այնուհետեւ՝ տպագրվել առանց որոշ ստեղծագործությունների, որոնք դուրեկան չէին սովետական «Գլավլիտ»-ին:

«Ոմանք ասում են, թե ում է պետք անտիպ ժառանգությունը: Նման մարդիկ մոլորյալներ են: Այն, ինչ պահպանվել է Չարենցից, քիչ չէ, բայց տպագրվածն էլ դեռեւս ամբողջը չէ»,-համոզմունք հայտնեց գրականագետը:

Դավիթ Գասպարյանը նաեւ նշեց, որ Չարենցի պահպանված ձեռագրերը բավականին ծանր վիճակում են. «Ժամանակին, երբ դրանք հանվեցին հողի տակից, թուղթը ածխացել էր, ձեռքիդ մեջ փշրվում էր: Դրանք ամրացվեցին լուծույթով, բայց թանաքը «լուծվեց» թղթին ու դարձավ անընթեռնելի»:

Հիշեցնենք, որ վաղը Եղիշե Չարենցի 121-ամյակն է. «Չարենցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20 տարում բավականին մեծացել է: Չարենցյան հայտնագործությունների եւ ժառանգության ամփոփման աշխատանքները շարունակվում են»,-նշեց Դավիթ Գասպարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում