Ուրիշների սխալները մատնացույց անելով չենք կարող նրանց սրբագրել

Ուրիշների սխալները մատնացույց անելով չենք կարող նրանց սրբագրել

Եղբայրնե՛ր, եթե ձեզանից մեկը որեւէ հանցանքի մեջ բռնվի հանկարծ, դուք, որ հոգեւոր եք, վերահաստատե՛ք նրան հեզության ոգով: (Գաղ. 6:1)

Շուրջ երկու հազար տարիներ առաջ արձանագրված այս բառերը այնքա՛ն այժմեական են, որքան երբ գրվեցին։ Մարդ չկա, որ հանցանք չի գործում։ Ոմանք գործում են եւ բռնվում են, իսկ ոմանք էլ գործում են եւ չեն բռնվում։ Առաքյալը Սուրբ Հոգով առաջնորդվողներին թելադրում է հեզությամբ ուղղել հանցանքի մեջ բռնվող մարդուն։

Շատ քիչ ենք հանդիպում հեզությամբ ուրիշներին ուղղող մարդկանց, որովհետեւ քիչ է թիվը այն մարդկանց, որոնք Սուրբ Հոգով են առաջնորդվում։ Ընդհանրապես մարդիկ բռնի ուժով են փորձում ուղղել ուրիշին։ Բռնություն եւ բռնակալություն բանեցնողը, չի կարող Աստծո զավակը լինել, որովհետեւ այնտեղ, «ուր որ Տիրոջ Հոգին ներկա է, այնտեղ ազատություն է» (Բ.Կր 3.17)։

Վա՛յ է, եթե հանցանք գործող մեկը ընկնի Աստծուց չվախեցող եւ Սուրբ Հոգով չառաջնորդվող մարդկանց ձեռքը։ Նրանք իրենց կծու եւ բարկ լեզվով այնքա՛ն սուր կերպով են քննադատում, բամբասում եւ չարախոսում նրան՝ տպավորությունը թողնելով իրենց շրջապատում, որ իրենց գլխավոր նպատակը հանցագործին առաջնորդելն է դեպի ամբողջական խորտակում եւ կործանում։

Այսպիսի մարդիկ Սատանայի պաշտոնյաներն ու կամակատարներն են։ Սատանայի հատուկ գործելակերպն է հարձակվել հանցագործի վրա եւ ջանալ նրան ճզմել։

Սատանան փորձում է հանցագործին համոզել, որ նրա գործած հանցանքը ահավոր եւ աններելի հանցանք է, որպեսզի նրան առաջնորդի դեպի կատարյալ հուսալքություն։

Սատանան շատ լավ գիտի, որ եթե կարողանա հանցագործ մարդուն մղել հուսալքության՝ նրա համար վերականգնվելու հույս չի մնա։

Երբ հանցագործը հանդիպի հարվածի, Սատանան ջանում է իսկույն ուրիշ հարված եւս հասցնել նրան, որպեսզի նա առիթը չունենա ինքնիրեն գտնելու եւ ինքնագիտակցության գալու։ Այս երեւույթը ինձ հիշեցնում է բռնցքամարտիկների մարտաոճը։ Երբ բռնցքամարտիկներից մեկին հաջողվում է բռունցքի ջախջախիչ հարված հասցնել հակառակորդին, եւ երբ նշմարում է արյան հետք նրա դեմքին, ո՛չ միայն չի գթում, այլ ընդհակառակը, իսկույն իրերահաջորդ հարվածներով աշխատում է նրա ցավի վրա ցավ եւ խոցի վրա խոց ավելացնելով, նրան տապալել մեկընդմիշտ։

Դատապարտող լեզու ունեցողները նաեւ, բռնցքամարտիկների նման չեն խղճում, երբ տեսնում են իրենց եղբորը կամ քրոջը վիրավոր եւ ցավի մեջ, ընդհակառակը, իրենց բերանները լայն բանալով ասում են. «Աստված գիտի, թե ի՛նչ մեղք է գործել, որ այս բոլորը իր գլխին եկան»։ Այսպիսիները չեն գիտակցում, թե իրենք մահացո՛ւ մեղք են գործում, երբ իրենց նմանին մեղապարտ եւ հանցապարտ են հռչակում։

Այսպիսիների եղբայրակործան վերաբերմունքը անհունօրէն վշտացնում է Աստծո սիրտը։

Պողոս առաքյալը «նրան ուղիղ ճամփի բերեք» բառերով հանձնարարում է մեզ, որ մեր նմաններին վերականգնեցնող մարդիկ լինենք եւ ո՛չ թե զգետնող մարդիկ։ Աստծո կա՛մքն է, որ յուրաքանչյուր մարդ վերականգնեցնող, վերազորացնող, եւ իր եղբոր թեւ ու թիկունք կանգնող մարդ լինի։

Եթե յուրաքանչիւր մարդ, որ լույս աշխարհ է գալիս, փորձի մի վիշտ կամ մի թշվառություն վերացնել այս աշխարհից, ես հավատում եմ, որ ամեն տեսակի դժբախտություն կվերանա այս աշխարհից եւ աշխարհը կլեցվի խաղաղությամբ եւ երջանկությամբ։ Դժբախտաբար, սակայն, մարդիկ վիշտն ու թշվառությունը հալածելու փոխարեն, վշտահարներին ու թշվառներին են հալածում։ Ո՛չ ոք թշվառներին հալածելով չի կարող վերջ դնել թշվառությանը։ Ինչպես մեկը, կրակի մեջ փայտ նետելով, չի կարող կրակը հանգցնել, այնպես էլ ո՛չ ոք չի կարող դատապարտության փայտահարումներով ուղղել իր նմանին։

Երբեմն հանդիպում ենք քննադատող, բամբասող ու մեղադրող մարդկանց, որոնք սակայն իրենք իրենց ավելի սրբագրող, ուղղության բերող եւ շտկող են կոչում, քան մարդակործան էակներ։ Այսպիսիներին հիշեցնեմ, որ քննադատությունը սխալ բան է։

Անուղիղ միջոցներով չենք կարող ուրիշներին ուղղության հրավիրել։ Թերությունները մատնանշելով որեւէ մեկը չի՛ կարող այլոց մղել իրենց դերակատարությանը։ Ուրիշների սխալները մատնացույց անելով չենք կարող նրանց սրբագրել։ Կոշտ վերաբերմունք եւ կծու լեզու ունեցող մարդը չի կարող այլոց ուղղել։ Ահա թե ինչո՛ւ առաքյալը ասում է.

«Վերահաստատեք նրան հեզության ոգով»։ Գոռոզ մարդը չի կարող իր նմանին խոնարհության առաջնորդել։ Ժողովրդական առածը ասում է. «Անուշ լեզուն օձը բնից հանում է»։ Անհնար է, որ դառն լեզուն հաջողի Քրիստոսի քաղցրության վկան դառնալ։

Մենք չենք զարմանում, երբ աշխարհով առաջնորդվող մարդկանց մոտ գտնում ենք ավերիչ լեզու եւ կորստաբեր վարվելակերպ, բայց զարմանում ենք, երբ Սուրբ Հոգով առաջնորդվող հավատացյալների մոտ ենք գտնում այդպիսի լեզու եւ վարվելակերպ։

«Եթե պատահի, որ ձեզանից մեկը որեւէ հանցանքի մեջ բռնվի» խոսքի շրջագիծը պարզում է, որ առաքյալը այստեղ հանցանք գործող հավատացյալ եղբոր մասին է խոսում եւ ո՛չ թե պատահական մեկի մասին։ Նա հանձնարարում է, որ հավատքի մարդը մեղքի մեջ ընկած իր հավատակից եղբոր նկատմամբ աստվածահաճո վերաբերմունք ունենա եւ օգնի նրան ձերբազատվելու մեղքի ճիրաններից:

Սկզբնաղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում