Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական կուսակցությունը օգտագործել է ցեղասպանություն բառը

Թուրքիայի խորհրդարանական կուսակցություններից «ԽԺԿ»-ն ցեղասպանություն բառն է կիրառել:

Թուրքական «Հաբերաքթուլ» լրատվական կայքի փոխանցմամբ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (ԽԺԿ-BDP)1915 թվականի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել: Այդ մասին հայտնում է Ermenihaber.am կայքը:

Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական կուսակցության հայտարարության մեջ ասված է. «1915-ին մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկը հայ ժողովրդի աքսորով սկսվեց: Կոչ ենք անում Թուրքիային առերեսվել պատմության հետ, սեփական անցյալի հետ հաշիվները մաքրել և մեծ դառնություններ կրած հայ ժողովրդից ներողություն խնդրել»:

ԽԺԿ-ի խորհրդարանական խումբը դեպքերը ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծելու առաջարկով է հանդես եկել: Ուսումնասիրության առաջարկի մեջ ցեղասպանություն արտահայտության փոխարեն կիրառվել է աքսոր բառը:

Առաջարկի մեջ նշվում է. «Ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակվող և 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում ապրող հայ ժողովրդի աքսորից հետո տեղի ունեցած կոտորածը ամբողջությամբ միասին ուսումնասիրելու և այս հարցում իրականությունը բացահայտելու նպատակով Սահմանադրության 98-րդ, ներքին կանոնակարգի 104-րդ և 105-րդ կետերի համաձայն խորհրդարանական ուսումնասիրություն բացելու անհրաժեշտությունն եք ներկայացնում և առաջարկում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում