Յոգայի հետ կապված վտանգներ

Յոգայի հետ կապված վտանգներ

Կա՞ն յոգայի հետ կապված այլ վտանգներ, որոնք կարելի է առանձնացնել, կամ որոնց առնչությամբ ևս զգուշացումներ են արվել Եկեղեցու կողմից:

Յոգայով զբաղվողներին այն ուսուցանողները` գուրուները, հանձնարարում են նաև մանտրաներ` մեդիտացիայի ժամանակ գործածվող հատուկ բառ կամ բառակապակցություն արտասանել: Յոգայի հայտնի մանտրան է «սօ համ» արտասանությունը, որը հանձնարարվում է ասել հետևյալ կերպ` շնչելիս պետք է արտասանել «սօ», իսկ արտաշնչելիս՝ «համ»:

Այս բառերի նշանակությունն է` «Ես եմ, ես նա եմ», այսինքն` ես տիեզերական, ունիվերսալ անձն եմ, ինչը նշանակում է նույնացում աստվածայինի հետ, անձի ձուլումը, միացումը աստվածայինի մեջ և աստվածայինի ձուլումը անձի մեջ: Անծանոթ բառերի արտասանությունը կարող է հակառակ լինել մարդու հավատքին:

2003 թ. Կաթոլիկ Եկեղեցին հրապարակեց «Քրիստոնեական մտորումներ Նոր դար շարժման մասին» 90 էջանոց ուսումնասիրությունը, որը ներկայացնում է Վատիկանի դիրքորոշումն այդ շարժման նկատմամբ: Այդ փաստաթղթում ևս անդրադարձ է կատարվում յոգային հատուկ մեդիտացիային և նշվում են դրա վտանգավոր կողմերը:

Ըստ այդմ` մեդիտացիայի կամ խոկման ֆիզիկական վարժությունների վրա սևեռումը կարող է վերածվել մարմնի պաշտամունքի, ինչպես նաև մարմնական վիճակները՝ միստիցիզմի, իսկ խորհրդապաշտության հետ հավասարեցնելը կարող է տանել հոգեկան խանգարման և բարոյական աղճատման:

Նմանատիպ փորձառությունը կարող է հետևանք լինել քրիստոնեական խոկման քրիստոսակենտրոն բնույթի կորստի, քանզի առկա է առավել կենտրոնացում սեփական անձի վրա, քան` Քրիստոսի: Վաղ քրիստոնեական շրջանում ևս Եկեղեցին պայքարում էր գնոստիկ հավատալիքի դեմ, ըստ որի` փրկությունը գալիս է ոչ թե հավատքով, այլ ներքին` միստիկ գիտելիքի միջոցով:

Ներկայացվեց յոգայի, մեդիտացիայի վերաբերյալ Կաթոլիկ Եկեղեցու դիրքորոշումը: Իսկ այլ Եկեղեցիներ տեսակետներ ներկայացրե՞լ են յոգայի վերաբերյալ:

2009 թ. մայիսի 25-ին Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Մոսկվայում տեղի ունեցող Համաշխարհային ռուսական համագումարի շրջանակներում հանդիպում ունեցավ երիտասարդության հետ, որի ընթացքում նա նույնպես անդրադարձավ յոգային և իր կարծիքը հայտնեց դրա վերաբերյալ:

Յոգան ընդհանուր առմամբ կազմված է երկու բաղադրիչներից, որոնցից մեկը ֆիզիկական վարժություններն են: Այդ վարժությունների տեխնիկայի մեջ որևէ վատ բան չկա, երբ հոգևոր ինչ-որ ուսմունքից և նախատրամադրվածությունից անկախ են կատարվում: Կաթոլիկ Եկեղեցին ևս բժշկական նպատակներով թույլատրելի է համարել որոշ վարժությունների կիրառումը: Սակայն Կիրիլ Պատրիարքը հիշեցրեց, որ, այդուամենայնիվ, յոգան ամենևին էլ ֆիզկուլտուրա չէ, այլ հենվում է բոլորովին որոշակի կրոնի վրա և ենթադրում համապատասխան հոգևոր պրակտիկա:

«Յոգան ուղեկցվում է մեդիտացիայով, որին վերաբերվում եմ մեծ զգուշավորությամբ»,- ասաց Պատրիարքը: Նա նաև հավելեց, որ այդ տեսակի գործելակերպի ժամանակ կարող է քայքայվել մարդու ազգային ինքնագիտակցությունը, նրա մշակութային ինքնությունը:

Այսպիսի տպավորություն Կիրիլ Պատրիարքը ստացել էր Հնդկաստան կատարած իր այցի ընթացքում այնտեղ բնակվող ռուսների հետ հանդիպումից, ովքեր արդեն բոլորովին այլ արժեքների և այլ աշխարհընկալման կրողներ են: Ուսանողների հետ հանդիպման ավարտին Կիրիլ Պատրիարքն զգուշացրեց երիտասարդներին մեդիտացիայի փորձեր կատարելուց:

Իրապես, յոգայի նպատակը մեդիտացիան է: Հանուն մարմնական առողջության յոգայով զբաղվող մարդն արդեն իրեն նախապատրաստում է որոշակի հոգևոր ընկալումների և նույնիսկ զգացումների, որոնց հանդեպ ինքը սկզբնապես գուցե նախատրամադրվածություն չի ունենում:

Եվ ի վերջո, յոգան փնտրտուք է ոչ թե Աստծո, այլ նույնիսկ առանց Աստծո հոգևոր զգացումների, մխիթարության: Յոգան ճանապարհ է, որը շեղվում է դեպի կեղծ միստիցիզմ և կարող է տանել ոչ թե դեպի Աստված, այլ բոլորովին հակառակ ուղղությամբ:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում