Ավագ չորեքշաբթի․ Աստված ամեն հնարավորություն տալիս է

Ավագ չորեքշաբթի․ Աստված ամեն հնարավորություն տալիս է

Ավագ չորեքշաբթին հիշատակն է Բեթանիայում կնոջ կողմից Քրիստոսի օծման (Մատթ. 26.6, Մարկ. 14. 3-9, Հովհ. 12. 1-8)։

Բեթանիայում օծման մասին պատմում են Մատթեոս, Մարկոս և Հովհաննես ավետարանիչները: Առաջին երկու ավետարանիչները չեն նշում կնոջ անունը, սակայն հիշում են Սիմոն բորոտին, ում տանը տեղի ունեցավ խնջույքը և օծումը: Այս օծումը կատարվեց Զատկից առաջ: Մեկ այլ օծման մասին պատմում է Ղուկասը (7.36-50):

Գլուխը յուղով օծելու սովորույթի մասին ակնարկ կա Ժողովողի գրքում (9.8), նաև Մատթեոսի Ավետարանում. «Այլ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (6.17):

Հովհաննեսը չի նշում բորոտ Սիմոնի անունը, բայց հայտնում է, որ Քրիստոսի հետ սեղան նստածներից էր Ղազարոսը, որին Քրիստոս մեռելներից հարություն էր տվել, ընթրիքը սպասարկում էր Ղազարոսի քույր Մարթան, իսկ օծումը կատարող կինը Ղազարոսի մյուս քույրն էր` Մարիամը:

Հովհաննես ավետարանչի պատմածով՝ կինն օծում է ոտքերը, Մատթեոսի և Մարկոսի ավետարաններում` գլուխը: Այս տարբերության բացատրությունն այն է, որ ավետարանական պատմությունները լրացնում են միմյանց: Օգոստինոսն ասում է, որ սկզբում կինն օծել է ոտքերը, հետո շշի յուղը հեղել Քրիստոսի գլխին (Մարկ. 14.2), նաև Քրիստոս ինքն է նշում, որ յուղը թափվեց ոչ միայն գլխի, այլ մարմնի վրա (Մատթ. 26.12):

Մատթեոսն ու Մարկոսը հայտնում են, որ Քրիստոսի աշակերտները բողոքում են՝ ասելով, որ այդ թանկարժեք յուղը կարելի էր նաև այլ կերպ տնօրինել` վաճառել և դրամը բաժանել աղքատներին: «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք: Ինձ միշտ ձեզ հետ չունեք»,- ասում է Քրիստոս` նկատի ունենալով Իր երկրային կյանքի վախճանը, և այդ օծումը որպես Իր թաղման նշան լինելը:

Հովհաննու Ավետարանում կոնկրետ մատնանշվում է, թե աշակերտներից ով էր հրմնականում դժգոհողը. դա Հուդա Իսկարիովտացին էր, որին վստահված էր գանձարկղը: Քրիստոս պատահմամբ չէր, որ գանձարկղը վստահել էր Հուդային: Իմանալով նրա ձգտումներն ու մտադրությունները, քանի որ նա դրամասեր էր և նույնիսկ գող (Հովհ. 12.6)` Քրիստոս այս վստահությամբ նրան հորդորում էր ապաշխարության:

Աստված ամեն հնարավորություն տալիս է, որպեսզի մարդ բարի ճանապարհով ընթանա, ճշմարիտ ուղու վրա կանգնի, իր ազնիվ աշխատանքով ապրի և Աստծո օրհնությունները վայելի, որպեսզի Վերջին Դատաստանի ժամանակ Աստծուց դժգոհելու առիթ չունենա:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում