Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայկական երաժշտական ժառանգությունը բերում է 21-րդ դար

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայկական երաժշտական ժառանգությունը բերում է 21-րդ դար

«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը շատ կարևորում ենք. այն նեղ մասնագիտական ուղղվածություն ունի, մեծ նպատակ ու առաքելություն»,- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է փառատոնի կազմակերպիչ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Տեղեկացնում է Panorama.am-ը։

Սմբատյանի խոսքով՝ առաջին իսկ օրից փառատոնի նպատակն է մեր հասարակության, ինչու ոչ, աշխարհի համար բացահայտել մեր արժեքները, հայկական երաժշտական ժառանգությունը բերել 21-րդ դար։

«Գրիգոր Եղիազարյանը հայկական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է, և փառատոնի շնորհիվ նոր շունչ ստացավ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ոչ միայն համերգային ծրագրեր է ներառում, այլև մեծ աշխատանք է կատարում մշակութային արժեքների պահպանման գործում՝ ձայնագրություններ, թվայնացումներ և այլն»,- ասել է Սմբատյանը։

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը բարձր է գնահատել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը. «Մենք ունենք հիանալի կոմպոզիտորներ, որոնք կարծես մի փոքր մոռացված են։ 20-րդ դարը Հայաստանին տվել է անվանի կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Գրիգոր Եղիազարյան, Հարո Ստեփանյան, Առնո Բաբաջանյան, Սարյան, Միրզոյան… Մենք պետք է պահպանենք նրանց ստեղծած արժեքները, և այդ գործն այսօր ստանձնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ իր ղեկավարի հետ, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Գրիգոր Եղիազարյանը չի հնչել տասնյակ տարիներ։ Նա գրել է բազմաթիվ սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք ժամանակին կատարվել են տարբեր երկրներում և փառք ու պատիվ են բերել մեր երկրին»։

Անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում թվայնացվել է ավելի քան 60 սիմֆոնիկ ստեղծագործություն, որոնց մի մասն արդեն հնչել է արտասահմանյան բեմերում։ Թվայնացված ստեղծագործությունների նոտաները տրամադրվում են ոչ միայն արխիվներին, այլև նվագախմբերին, որոնք ցանկություն են հայտնում կատարել դրանք։ Ասուլիսի բանախոսների հավաստմամբ՝ Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան և «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը շատ շուտով կկատարվի։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է նաև այն փաստը, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ։ Սա նշանակում է, որ պետության ուշադրության կենտրում է մեր երաժշտական ժառանգության պահպանման հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում