Երևանի ավագանու թեկնածուները խոսում են միասնական թեկնածու ունենալու մասին

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ,  մասնակից ավագանու թեկնածուները, անդրադարձան ապօրինի շինությունների հետ կապված հարցին:

Այն հարցին, թե ի՞նչ կարելի է անել, քանդել դրանք, թե ոչ` ԲՀԿ ցուցակը գլխավորող  Վարդան Օսկանյանն ասաց, որ սա նուրբ խնդիր է, ողջամիտ լուծում պետք է տալ. «Եթե նույնիսկ քաղաքապետարանի թույլտվություն է եղել, բայց խախտումներով կառուցվել, պետք է առանձին մոտեցում ցուցաբերել, գերակա շահի խնդիրը պետք է ԱԺ-ում քննարկվի, քանի որ քաղաքացիների սեփականությունը պետք է հարյուր տոկոսով պաշտպանվի»:

«Առաքելություն» կուսակցությունից Մեսրոպ Առաքելյանը գտնում է, որ կցակառույցների, համար պետք է պատիժ կրեն  սեփականատերերը` Երեւանը չսիրելու համար:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի’ «Օրինակ ավտոտնակները պետք է քանդվեն, այդ տարածքներն օգտագործվեն կանաչ տարածքների համար:Այստեղ պատժելիության խնդիր կա»:

Այն հարցին թե հնարավոր է արդյոք ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով`  ՀՅԴ ավագանու թեկնածու Արմեն Ռուստամյանն ասաց. «Կարող ենք ավագանիում մեր ձայները գումարել, ոչ իշխանական ուժերով մեր միջից առաջարկել ընդդիմադիր քաղաքապետ»:

Վարդան Օսկանյանն էլ հավելեց. «Եթե բոլորս խնդիր ենք դնում քաղաքական հակակշիռ ստեղծել, իսկ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե ունենանք ոչ իշխանական քաղաքապետ, իսկ սա կլինի այն դեպքում, եթե կոալիցիա կազմենք եւ իշխանությունը 40+1 տոկոս ձայն չհավաքի: Վստահեցնում եմ’ լուրջ համագործակցություն է գնում ոչ իշխանական ուժերի միջեւ»:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ իրենք շանս ունեն և օգտագործելու են այն:


Լուսանկարը` aravot.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում