Հայկական գինիների որակի ու համի «երաշխավորները»՝ հետազոտական նոր ուղղության հիմքում

Հայկական գինիների որակի ու համի «երաշխավորները»՝ հետազոտական նոր ուղղության հիմքում

ԴՆԹ-դեղամիջոց փոխադարձ կապը

Բժիշկ դառնալու երազանքը համառորեն Հասմիկ Շիլաջյանին երկու տարի անընդմեջ թույլ չէր տալիս մտածել այլ մասնագետ դառնալու մասին։ Ի վերջո պետպատվերի համար պայքարող, բայց երկու անգամ էլ վճարովի համակարգով Բժշկական համալսարան ընդունված ուսանողը «մնաս բարով» ասաց ԵՊԲՀ-ին և հայացքն ուղղեց դեպի Երևանի պետական համալսարան։ Մայր բուհի քիմիայի ֆակուլտետն անվճար ընդունված Հասմիկը կարճ ժամանակ անց հասկացավ, որ հենց դա է իր տեղը. «Ոչ մի անգամ թեկուզ մի փոքր չեմ ափսոսացել, որ այս ֆակուլտետում եմ հայտնվել։ Շատ արագ հասկացա, որ քիմիան միայն քիմիական ռեակցիաների հավասարումներ չեն, այլ շատ բազմազան ու գունեղ գիտություն է: Այն գիտություն է կյանքի մասին և օգնում է բացահայտել բնության գաղտնիքներն ու օրենքները, ստեղծել նոր նյութեր, օգտագործել դրանք լուծելու համար հիմնարար խնդիրներ, ուսումնասիրել դրանց հատկությունները և կիրառման բնագավառները: Մանկավարժությունն էլ շատ եմ սիրում՝ հատկապես այս՝ հասուն տարիքային խմբի հետ աշխատելը։ Սիրում եմ ընտրածս մասնագիտությունը, գիտական ուղղությունն ու այն միջավայրը, որտեղ աշխատում եմ»,-անկեղծանում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլորիդ քիմիայի ամբիոնի աշխատակից, քիմիական գիտությունների թեկնածու Հասմիկ Շիլաջյանը։

Քիմիական և կենսաբանական համակարգերի ուսումնասիրությամբ, օրգանական հավելույթ պարունակող լուծույթներում իոնների սոլվատացիայի և կենսամոլեկուլների վարքի կառավարման խնդիրների, սպիտակուցների և ԴՆԹ-ի բնափոխման վրա միջավայրի տարբեր բնութագրերի ազդեցության, սպիտակուց-դեղամիջոց, ԴՆԹ-դեղամիջոց փոխազդեցությունների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խմբում Հասմիկը լուրջ հաջողությունների է հասել: Այս բնագավառում նա աշխատում է արդեն 9 տարի, ունի 15-ից ավելի գիտական հրատարակումներ, զեկուցումներով հանդես է եկել տեղական և միջազգային գիտաժողովներում՝ ներկայացնելով գիտական խմբի ձեռքբերումներն ու հաջողությունները: Հորթի թիմուսի ԴՆԹ-ի վրա արվող ուսումնասիրությունների արդյունքում նա ու գործընկերները փորձում են պարզել, թե այս կամ այն դեղամիջոցը որքան ամուր կամ թույլ է կապվում սպիտակուցին, ինչպես է ազդում ԴՆԹ-ի կառուցվածքի վրա և, ի վերջո, ինչ կարելի է անել դեղամիջոցի արդյունավետությունն անվտանգ կերպով բարձրացնելու համար։

«Դեղերի տրանսպորտային մեխանիզմներից է սպիտակուցային տրանսպորտը: Դեղը թիրախին հասցնելու համար օրգանիզմում գործում են տարբեր մեխանիզմներ: Հաճախ խնդրի պարզեցման համար օգտագործվում են մոդելներ տարբեր փուլերով: Դրանցից մեկը տրանսպորտային սպիտակուց հանդիսացող մարդու շիճուկային ալբումին – դեղամիջոց համակարգն է: Այդ կապի ամրությունը պետք է այնպիսին լինի, որ ճանապարհին չանջատվի, և այնքան ամուր չլինի, որ նպատակակետ հասնելուն պես, բաց թողնի։ Զուգահեռ ուսումնասիրում ենք նաև պրեպարատի ազդեցությունը ԴՆԹ-ի վրա։ Որոշ դեղամիջոցների, օրինակ՝ «Ցիսպլատին»-ի, դրա մոդիֆիկացված սուլֆօքսիդային կոմպլեքսների, «Գանգլերոն»-ի, կենսաբանական ակտիվություն ցուցաբերած որոշ նոր սինթեզված նյութերի սպիտակուցների և ԴՆԹ-ի հետ փոխազդեցությունները և առաջացած կոմպլեքսների ջերմային կայունություններն արդեն որոշել ենք։ Առաջինը՝ հակաքաղցկեղային, երկրորդը՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում օգտագործվող պրեպարատներ են»,-լաբորատորիայում կատարվող հետազոտական հիմնական ուղղությունների մասին պատմում է Հասմիկը։

Բարձրակարգ գինու՝ փայտե տակառի մեջ թաքնված գաղտնիքը

Ֆիզիկական քիմիայի ամբիոնում նոր զարգացող գիտական ուղղություններից է սննդի քիմիան և սննդի անվտանգությունը: Այստեղ ևս զգացվում է երիտասարդ գիտնականի արագ կողմնորոշումն ու մոտեցումը: Գինիների և կոնյակների օրգանոլեպտիկ հատկությունները պայմանավորող պոլիֆենոլների և դրանց լուծույթների ֆիզիկաքիմիական հետազոտությունների մեջ Հասմիկը ընդգրկվել է մեծ ոգևորությամբ՝ իր հետ գիտական լաբորատորիա բերելով շատ ուսանողների: Ֆլավոնոիդները, որոնց որոշ տեսակներ գինուն կամ կոնյակին են անցնում խաղողի պտղամաշկից (հիմնականում կարմիր գինիների), որոշներն էլ կաղնու տակառից (սպիտակ և վարդագույն գինիների), որի մեջ պահվում կամ հնեցվում է, համային հիմնական կրիչներն են։ Հետևաբար, գինու մեջ ֆլավոնոիդների բազմազանությամբ և հարաբերակցությամբ է պայմանավորված դրանց արժեքականությունը, իսկ կոնյակը որքան երկար է հնեցված, այնքան հարգի է։ Լաբորատորիայում ուսումնասիրության տակ կառնվեն հատկապես գունավոր գինիները, սակայն սպիտակն էլ տեսադաշտից դուրս չի մնա. «Ֆլուորեսցենտային սպեկտրոսկոպիայի հատուկ եղանակ կա, որով հնարավոր է որոշել ֆլավոնոիդների առանձին տեսակներն ու քանակությունները, և ըստ այդմ՝ գնահատել դրանց որակը»,-առաջիկա քայլերի մասին Հասմիկն ավելին չի կարողանում ասել։ Հետազոտություններից հետո միայն պարզ կլինի, թե տեղական շուկայում տեղ գրաված գինիներից որում որքան և ինչպիսի ֆլավոնոիդներ են պարունակվում։ Սպասվող պատկերը կանխագուշակել Հասմիկը դժվարանում է, բայց որ շատ հետաքրքրիր ու խայտաբղետ կլինի, չի կասկածում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում