Լևոն Զուրաբյան. ԲՀԿ-ն մեղավոր չէ, որ ընտրակաշառք է բաժանում

«Մենք անում ենք մեր քաղաքական գործը, մեր նպատակը շատ պարզ է, որ կարողանանք անցկացնել օրինականության առումով վերահսկելի ընտրություններ»,-պատասխանելով aravot.am-ի այն հարցին թե արդյո՞ք ՀԱԿ-ը պայքարելու է ԲՀԿ-ի ընտրակաշառքի դեմ՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը և հավելեց՝ «ես ինֆորմացիա չունեմ, բաժանո՞ւմ են, շատ լավ, գնացեք բռնեք»:

Այն հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում համագործակցել կեղծիքների գնացող ուժի հետ, պարոն Զուրաբյանն ասաց. «Ընտրակաշառք բաժանողը ով ուզում է լինի , այս երկրում կարող է բաժանել միայն այն դեպքում, երբ երկրի իշխանությունները՝ ոստիկանությունով, դատախազությունով բոլոր մնացած պետական մարմիններով նպաստում են, որ բաժանվի: Եթե պետությունը դա թույլ չտար, ով ուզում է լինել, որ քաղաքական ուժը ուզում է լինի, ոչ ոք չի կարող բաժանել ընտրակաշառք: Եթե իսկապես արձանագրվել է ընտրակաշառքի բաժանման փաստ, ես ամբողջ մեղավորությունը դնում եմ պետական իշխանության վրա: Ընտրակաշառք բաժանելու համար ոչ մի քաղաքական ուժին չի կարելի մեղադրել բացի պետական իշխանությունից եւ այն քաղաքական ուժերից, որոնք, Ազգային ժողովում ունենալով մեծամասնություն, իրագործում են պետական իշխանությունը»:

Ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ-ական պատգամավոր, ավագանու թեկնածու Գուրգեն Արսենյանն անձամբ հրապարակել էր, որ իր ժամացույցը արժե հիսուն մեկ միլիոն դրամ: ՀԱԿ փոխնախագահից նաեւ հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է առաջիկայում նաեւ որոշ ԲՀԿ-ական պատգամավորների ունեցվածքի ծագումնաբանությունը պարզելու համար դիմեն Դատախազություն, ինչպես ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի դեպքում արեցին: Հնարավո՞ր չէ, որ օրինակ ԲՀԿ-ական Գ. Արսենյանն էլ այս տարիներին ժողովրդին թալանելու արդյունքում կուտակած լինի իր ունեցվածքը հարցին, պարոն Զուրաբյանն հարցով պատասխանեց. «Դուք ուրիշ թեմա չունե՞ք: ԲՀԿ-ի հետ կապված ձեր բոլոր հարցերը գնացեք, տվեք ԲՀԿ-ին»:

Այն հարցին, թե կիրականացվի՞ ընդդիմության միավորվելու ծրագիրը ավագանու ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր ուժերի փոխադարձ քննադատությունը շարունակվում է: Պարոն Զուրաբյանը վստահեցրեց, ՀԱԿ-ը միայն ՀՀԿ-ի քննադատությամբ է զբաղված: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում պարոն Զուրաբյանը կրկին անդրադարձավ ապրիլի 9-ին եւ նկատեց. «… Ո՞ր երկրի ոստիկանապետին է հաջողվել հազարավոր ցուցարարներին ցրել ոչ թե ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով, այլ նրանց առաջնորդած գործչի հետ աղոթելով, վերջինիս սովորեցնելով նորանոր աղոթքներ»:

Այս եւ ՀԱԿ հիմնադիր համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 9-ի դեպքերի վերաբերյալ դիտարկումներում պարոն Զուրաբյանը ոչ հեգնանք, ոչ էլ քննադատություն է տեսնում. «Եթե քննադատություն եղել է, դա վերաբերել է Վովա Գասպարյանին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում