Սաշա Աֆյան. Ընտրությունների ժամանակ ոստիկանության վրա դրված պարտականությունները պետք է կատարվեն բարձր մակարդակով

Ապրիլի 29-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը նվիրված է եղել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին’ Սաշա Աֆյանը խորհրդակցության մասնակիցներին հիշեցրել է, որ նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ ոստիկանության վրա դրված պարտականությունները պետք է կատարվեն բարձր մակարդակով: Իսկ ոստիկանության հիմնական խնդիրը տվյալ դեպքում հասարակական կարգի ապահովումն է, իրավախախտումների բացառումը: Ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս հանձնարարական-ցուցումն է տրված ոստիկանության պետի կողմից, և այն անվերապահորեն պետք է որպես ուղեցույց լինի ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանների համար:

Սաշա Աֆյանը նշել է, որ ընտրությունների հետ կապված նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքները ոստիկանության կողմից կատարված են հավուր պատշաճի, ստեղծված են լիարժեք ծառայություն իրականացնելու համար բոլոր նախադրյալները: Պետք է առաջնորդվել ոստիկանության իրավաբանական վարչության պատրաստած ուղեցույցով, որում ներկայացված են ընտրությունների ժամանակ ոստիկանի ֆունկցիոնալ պարտականություններն ու իրավունքները: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից կազմված պլանը’ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման ուժերի տեղաբաշխման վերաբերյալ:

Սաշա Աֆյանը կոնկրետ հանձնարարություններ է տվել խորհրդակցության մասնակիցներին’ պահանջելով կրկին ստուգել անձնակազմերի պատրաստականությունը, ընտրացուցակների հետ կապված հարցերը և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում